Ազգային ժողովի աշխատանքներից չբացակայելու Սերժ Սարգսյանի հանձնարարությունը Հանրապետական խմբակցության պատգամավորները չեն կատարի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նա նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ-ական պատգամավորները տարիներ շարունակ մի բառ անգամ չեն ասել ԱԺ-ում, էլ չասած, որ օրենսդրական գործունեությամբ չեն զբաղվել, ապա կարելի է պնդել, որ այդպես կշարունակվի այսուհետ եւս: «Նրանք օրենսդրական գործունեություն չեն իրականացրել եւ չեն էլ իրականացնի,  ուղղակի սկզբնական շրջանում որոշակիորեն միգուցե մի 5 րոպե ավել կմնան նիստերի դահլիճում, իսկ հետո կլինի այն, ինչ միշտ եղել է»,-նշեց քաղտեխնոլոգը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ վերջին խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը իր ելույթում, դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին, ասել է՝  բոլոր գործերը դնել մի կողմ եւ զբաղվել օրենսդրական գործունեությամբ: Նա ԱԺ աշխատանքներից բացակայելը դասալքություն է համարել: