Վաշինգթոնում ազդանշանի են սպասում Ղարաբաղի հակամարտության հարցով լրջորեն զբաղվելու համար: Այս մասին սեպտեմբերի 8-ի մամուլի ասուլիսում հայտարարել է բրիտանացի փորձագետ, «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դը Վաալը:
Ըստ նրա՝ բարդ է կանխատեսել ղարաբաղյան հակամարտության հետագա գործընթացները: «Բայց ես առայժմ առիթ չեմ տեսնում գոյություն ունեցող, բայց ոչ այնքան արդյունավետ բանակցությունների ձեւաչափի փոփոխության համար: Առավել եւս, որ Ադրբեջանում որոշ մարդիկ բանտում են, այդ թվում՝ իմ լավ ընկեր Արիֆ Յունուսովը: Ես ղարաբաղյան հարցում առաջխաղացման օբյեկտիվ պատճառ չեմ տեսնում, առավել եւս՝ ուկրաինական ճգնաժամի ֆոնին»,- նշել է Թոմաս դը Վաալը:
Նա հավելել է, որ պետք է սկսել նոր հարթակներ ստեղծելուց, որպեսզի ընդհանուր փոխըմբռնման առիթ լինի, որպեսզի մի կողմը լավ հասկանա մյուսի դիրքորոշումը: «Այդ ֆոնին հնարավոր կլինի հուսալ, որ կպահպանվի ինչ-որ այլընտրանքային ուղի (Track 2՝ դիվանագիտություն ոչ կառավարական կազմակերպությունների, լրագրողների եւ այլոց մակարդակով)», - հայտնել է դը Վաալը: Ըստ նրա` այժմ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վրա: «Իհարկե, Ուկրաինայի ճգնաժամի պայմաններում ղարաբաղյան հիմնախնդիրը առաջնահերթ չէ մյուս երկրների համար. Հայաստանում եւ Ադրբեջանում հակված են մեղադրել միջնորդներին, որ հիմնախնդիրը չի լուծվում: Իսկ ինչու այն պետք է լուծվի, եթե հիմնախնդրի կողմերը միմյանց ընդառաջ գնալու ցանկություն չունեն: Ինչ կարող է անել Բարաք Օբաման կամ Վլադիմիր Պուտինը կամ էլի ինչ-որ մեկն այս պայմաններում», - նշել է բրիտանացի վերլուծաբանը:





























