Հայաստանում սահմանադրական փոփոխություններ իրականացնելը ամենեւին էլ կապված չէ քաղաքական կյանքի հետ, դա աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի կողմից իջեցված պատվեր է Բաղրամյան 26-ի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նա նշեց, որ եթե մարդը ցանկանում է մի բան անել եւ չի ցանկանում այլ տեսակետ լսել, ապա ինչ տեսակետ էլ որ ներկայացվի, պետք է ասի, որ դա փաստարկ չէ, որովհետեւ ի սկզբանե երկրի նախագահը որոշել է սահմանադրությունը փոփոխությունների ենթարկել, ոչ թե բարեփոխել: «Բարեփոխել բառը իր մեջ դրական իմաստ ունի, իսկ սա ընդհանրապես բարեփոխման հետ կապ չունի եւ ոչ մի խնդիր չի լուծում:
Այն ուժերը, որոնք ներկայացնում են, որ Սահմանադրությունը փոփոխելու կարիք չկա, ոչ միայն ժամանակի խնդիրն են բարձրացնում, ուղղակի հարցնում են. Սահմանադրությո՞ւնն է խանգարում, որ վերացվի բազմաթիվ ապրանքների մենաշնորհը, Սահմանադրությո՞ւնն է խանգարում, որ դատաիրավական համակարգը դառնա դատաիրավական համակարգ, ոչ թե գործադիրին կցված համակարգ, Սահմանադրությո՞ւնն է խանգարում, որ Հայաստանն, ի վերջո, ունենա արտաքին քաղաքականության կոնցեպցիա, այլ ոչ թե 3 տարի բանակցի աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի հետ, հետո մի րոպեով շրջվի եւ այլ պայմանագիր կնքի, ինչպես օրինակ ՄՄ մտնելն էր, Սահմանադրությո՞ւնն է խանգարում, որ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնեն: Փաստարակներ շատ կան, որ սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, եւ ցանկանալու դեպքում կարելի է դրանք տեսնել ու հասկանալ, որ բավարար է: Ի սկզբանե որոշվել է որ Սահմանադրությունը պետք է փոխվի եւ առաջնորդվում են այդ սկզբունքով: Այդ պատճառով, ցանկացած փաստարկ, որը սահմանադրական փոփոխություններին դեմ է, չի ընդունվի իշխող ուժի կողմից որպես փաստարկ: Միակ փաստարկը, որ կընդունվի, այն է, որ այո, պետք է անպայման փոխել Սահմանադրությունը, բարեփոխում իրականացնել»,-ասաց քաղտեխնոլոգը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության վերջին խորհրդի ժամանակ հայտարարել է, թե Սահմանադրական փոփոխությունների հակառակորդները միայն մի փաստարկ են բերում, թե հիմա ժամանակը չէ, ինչը ինքը փաստարկ չի համարում եւ կցանկանար փաստարկներ լսել:





























