«Նոյեմբերի 5-ի» գործով ամբաստանյալ, 15-ամյա Շահեն Հարությունյանի համար 5 տարի ազատազրկում պահանջելը «իշխանությունների ստորության գագաթնակետն է»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, որը հուզվեց դատախազ Գեւորգ Գեւորգյանի մեղադրական ճառը եւ պահանջը լսելուց հետո։
Տիկին Ռուզաննան ասաց, որ նման խիստ պատիժ իր անչափահաս որդու համար չէր սպասում, մյուս ամբաստանյալների համար՝ նույնպես։
«Արդարացում չէի սպասում, բայց նման պատիժներ էլ չէի սպասում, տղաներն էնպիսի բան չէին արել: Ամբողջը՝ ոստիկանների եւ վկաների ցուցմունքները, լրիվ սարքած էր իրանց կողմից։ Եթե նախորոք իրանք նման կեղծ ցուցմունքներ էին պատրաստել, պետք ա գային վերջը սրան, բայց նման պատժաչափեր չէի սպասում, էդքան խիստ, դա համարում եմ իշխանությունների ստորության վերջին գագաթնակետը»,-ասաց Շահեն Հարությունյանի մայրը:
Տիկին Ռուզաննայի խոսքով՝ իշխանությունները փորձում են խեղել իր որդու ճակատագիրը. «Նման պատիժ են պահանջում ընդամենը նրա համար, որ փորձել է հորը պաշտպանել: Մի հարվածի համար իրանք որոշում են, որ խուլիգան է»:
Շահենի մայրը «լավ բան չի սպասում» նաեւ դատավոր Մնացական Մարտիրոսյանից:
«Եթե պատվերը մեկը կատարել է, մյուսն էլ շարունակելու է կատարել: Սկզբից հրահրել են, պատվերով սարքել էս ամբողջը, հիմա էլ պտուղներն ենք քաղում: Միայն զինված ապստամբությունը կփրկի էս երկրին, եթե մեր ժողովուրդը դա չի հասկանում, էս ա լինելու»,- նշեց Ռուզաննա Բադալյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը դատախազ Գեւորգ Գեւորգյանը անչափահաս Շահեն Հարությունյանի համար առաջարկել է 5 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։
«Նոյեմբերի 5-ի» գործով ամբաստանյալ Վարդան Վարդանյանին դատախազը միջնորդեց դատապարտել 6 տարի, Ավետիս Ավետիսյանին՝ 6 տարի, 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանին՝ 6 տարի, 6, ամիս, Ալեք Պողոեսյանին՝ 6 տարի, Վահե Մկրտչյանին՝ 8 տարի, 6 ամիս, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5 տարի, 6 ամիս, Հայկ Հարությունյանին՝ 6 տարի, Սեւակ Մնացականյանին՝ 4 տարի, Տիգրան Պետրոսյանին՝ չորս տարի, Արմեն Հովհաննիսյանին՝ 4 տարի ազատազրկման, իսկ Միսակ Առաքելյանին նշանակել տուգանք՝ 50 հազար դրամի չափով։
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան:





























