Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու անհրաժեշտություն չկա, բացառությամբ 100 տոկոսանոց համամասնական համակարգին անցնելը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նա շեշտեց, որ չլինելով դրա մասնագետը, այնուամենայնից, իր համար ակնհայտ է 100-տոկոսանոց համամասանական ընտրակարգի առավելությունը թեկուզ հենց այն առումով, որ այդ դեպքում մականունավորների, բիզնեսմենների քանակը կկրճատվի ԱԺ-ում: «Ինձ թվում է, երբ Սերժ Սարգսյանը առաջին անգամ խոսեց սահմանադրական փոփոխությունների մասին, ասաց, որ իր համար ավելի ընդունելի է ներկա կառուցվածքը, բայց ժամանակն է փոփոխելու: Կարծում եմ, որ ավելի շատ մոտեցումների, իդեոլոգիաների խնդիր է, ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին. եթե լինի 100-տոկոսանոց համամասնական համակարգ, այսինքն՝ բիզնեսմեննրը ավելի քիչ հնարավորություն կունենան անցնելու, ժամանակին ԲՀԿ-ն էլ էր կողմ դրան, բայց հիմա հասկանում է, որ մեծամասնականով ինքն էլ է կարողանում անցկացնել: Թե ինչու համաձայն չեն ՀԱԿ-ն եւ «Ժառանգությունը», անհասկանալի է, կան տարբեր վարկածներ, որ քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի դրած համակարգն է, ինքը չի ուզում, որ փոխվի: Ինձ համար իրոք անհասկանալի է, ընդդիմադիր յուրաքանչյուր կուսակցություն պետք է ձգտի, որ լինի 100-տոկոսանոց համամասնական համակարգ, այդ դեպքում իրենց ներկայությունը ավելի շատ կլինի»,-ասաց Կարեն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության վերջին խորհրդի ժամանակ հայտարարել է, թե  Սահմանադրական փոփոխությունների հակառակորդները միայն մի փաստարկ են բերում, թե հիմա ժամանակը չէ, ինչը ինքը փաստարկ չի համարում եւ կցանկանար փաստարկներ լսել: