Ղարաբաղյան հակամարտությունը երկարաժամկետ է եւ հայեցակարգային առումով չի տարբերվում ոչ մի այլ էթնոքաղաքական հակամարտությունից` ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլեւ ողջ աշխարհում, սեպտեմբերի 8-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա`օգոստոսի սկզբին շփման գծում տեղի ունեցածը մի կողմից ողբերգական է, մյուս կողմից` շատ լավ: «Այն խոսակցությունները, թե տվյալ միջադեպն ամենաահավորն էր 1994թ.-ից հետո, ես լսել եմ նաեւ 2008 թ. մարտի 3-ին, այդպիսի միջադեպեր են եղել նաեւ 2011թ. ամռանը: Այդպիսի յուրաքանչյուր միջադեպից հետո հակամարտության բոլոր կողմերի համար էլ պարզ է դառնում պատերազմի գինը: Բոլորը հասկանում են, որ ռազմաքաղաքական ոլորտում կատարվող այդ բոլոր սպառնալիքները, զարգացումները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը», - նշել է Սերգեյ Մինասյանը: Նա հավելել է, որ ղարաբաղյան հակամարտությունը այնպիսի բարդ հասկացությունների հետ է կապված, ինչպիսիք են ազգային պետություն ստեղծելը, մեծ աշխարհաքաղաքականությունը, ժողովրդավարական գործընթացը:





























