ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր կրկին աչքի ընկել իր «բարեհամբույր» ու «քաղաքավարի» վարվեցողությամբ:
Երբ ԱԺ-ում քննարկումները կիսատ թողած, նիստերի դահլիճից դուրս էին գալիս պատգամավորները, լրագրողները նրանցից հետաքրքրվել են, թե «չլինի՞ թե լքում եք խրամատը», նկատի ունենալով, որ շաբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական պատգամավորներին դիմելով ասել էր, որ անթույլատրելի է բացակայել ԱԺ նիստերից եւ որ դա նման է խրամատը լքելուն:
Լրագրողների այս հարցին ի պատասխան Մանվել Գրիգորյանը զայրացած արձագանքել է. «Այ տղա, լքողի հետեւին ձեռ կտամ: Սաղ իմ դեմից են փախել, դուք եկել եք ու ինձ տենց հարց եք տալի՞ս»:
Մեկ այլ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանն էլ նշել է, որ խրամատի կարեւորությունն այլ պատգամավորներին հասկացնելու նպատակով պարզապես նրանց կուղարկի առաջին գիծ: «Կսովորեն, կսովորեն..կէթան առաջին գիծ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ եւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական պատգամավորներին ասել էր՝ բոլոր գործերը դնել մի կողմ եւ զբաղվել օրենսդրական գործունեությամբ, որ ԱԺ աշխատանքներից բացակայելը դասալքություն է:
«Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը: Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, եւ ձեր բոլորի կռվի դաշտը եւ ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին` մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են»,-ասել էր նա:





























