Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանի առաջին նիստի օրն առանձնացավ նաեւ լեզվի զավեշտալի սայթաքումներով։
Բնապահպանությանը վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ, երբ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը դժգոհեց, որ օրենքի նախագիծը չի քննարկվել, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, նշելով, որ օրինագիծը քննարկվել է խորհրդարանում. «Գայիք քննարկեինք։ Ներկա չեք եղել։ Ինչ անեինք, գային ձեզ տներից բերեի՞նք»։
Այդ ընթացքում օրենքի հարակից զեկուցող հանրապետական Տաճատ Վարդապետյանը տեղից հուշեց, որ օրենքի նախագիծը քննարկվել է մշտական հանձնաժողովում եւ ընդունվել է միաձայն։
Դրանից հետո Էդուարդ Շարմազանովը, դիմելով Թեւան Պողոսյանին ասաց. «Օրենքի նախագիծը միաձայն անցել է գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում, իսկ հանձնաժողովում միայն հանրապետականները չեն, նաեւ ընդդիմադիրներն են։ Ձեր խմբակցության նախկին ղեկավար պարոն Փոստանջյանն էլ է կողմ քվեարկել (նկատի ուներ Զարուհի Փոստանջյանին, ով մինչեւ ԱՄՆ մեկնելը խմբակցության ղեկավարն էր –խմբ.)»։
Նշենք, որ սա առաջին նմանատիպ լեզվի սայթաքումը չէ խորհրդարանում։ Գարնանային նստաշրջանում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին «պարոն»-ով էր դիմել:





























