Պատգամավորների ակտիվության եւ հաճախելիության վերաբերյալ ԱԺ-ում անցկացված դիտարկման տվյալները ամեն ինչ ասում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչով է պայմանավորված ՀՀԿ-ական պատգամավորներին հասցեագրված ՀՀ նախագահի այն կոչը, որ ակտիվ լինեն ու չլքեն խորհրդարանի շենքը:

«Մի քանի թիվ ներկայացնեմ, որոնք վկայում են, թե ինչպես են աշխատում ՀՀԿ-ական պատգամավորները:

Գարնանային նստաշրջանի ընթացքում խորհրդարանը քննարկել է 143 օրինագիծ, որոնցից միայն 7-ն են ներկայացրել պատգամավորները, մնացած օրինագծերը ներկայացրել է կառավարությունը: Այսինքն` իշխող կուսակցության խմբակցությունը, որպես օրենսդիր մարմին, գոյություն չունի:  Գարնանային նստաշրջանի ընթացում իշխող կուսակցության խմբակցությունը քվեարկել է միայն այս կամ այն օրինագծի օգտին, դեմ է քվեարկել միայն ընդդիմադիր  խմբակցությունների ներկայացրած օրինագծերին»,- նշել է Մանուկյանը:

Ըստ նրա` ՀՀԿ խմբակցությունը` «որպես  այսպես կոչված ազատ ընտրված պատգամավորների խումբ գոյություն չունի. այդ պատգամավորները երբեք դեմ չեն քվեարկում եւ ձեռնպահ չեն մնում քվեարկությունից»:

Ըստ Մանուկյանի` Սերժ Սարգսյանը սպառնալիք կարող է զգալ, քանի որ խորհրդարանում պատգամավորների ղեկավարող դաշինք չկա: «90-ականներից սկսած մինչ օրս առաջին անգամ է, որ իշխող խմբակցությունը ձեւավորվել է մեկ կուսակցությունից. 24 տարվա ընթացքում այդպիսի դեպք չէր եղել:  Գարնանային նստաշրջանի ընթացքում այս քաղաքական ուժը օրենքներ է ընդունել՝ ապահովելով պատգամավորների 65-66 ձայն: Հետեւաբար, ՀՀԿ-ն անհանգստանալու տեղ ունի»:

Մանուկյանը նաեւ նշել է, որ պատգամավոր լինել չի նշանակում միայն գեղեցիկ հագնվել եւ ներկա գտնվել նիստերին: