Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալ, խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Միսակ Առաքելյանը չի վճարի 50 հազար դրամ տուգանքը, եթե դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարի դատախազ Գեւորգ Գեւորգյանի միջնորդությունը:

«Եթե դատավորը վճռեց ինձ տուգանել, ես չեմ էլ վճարելու, իրանք աշխատավարձիցս կտանեն, բայց դրա դեմը չեմ կարող առնել»,- NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած նիստից հետո ասաց Միսակ Առաքելյանը:

Անդրադառնալով Շանթ Հարությունյանի որդու՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին 5 տարվա ազատազրկման դատապարտելու դատախազի պահանջին, Միսակ Առաքելյանն ասաց. «Հենց սկզբից էլ ասվել էր, որ արդարադատություն չկա, ոչ մեկ էլ արդարադատություն չի սպասում: Էս իշխանության համար չափահաս կամ անչափահաս կապ չունեն, ստեղ դեմ եւ ընդդեմ գոյություն ունի»:

Միսակ Առաքելյանի խոսքով՝ դատախազը խիստ պատժաչափեր պահանջեց, որպեսզի դա «դաս լինի մյուսների համար»:

«Էս իշխանությունը բոլորին, ովքեր դուրս են գալիս իրանց դեմ, փորձելու ա խիստ մոտենալ ամեն ձեւ՝ մնացածներին ցույց տալու համար, որ սենց կլինի ձեր հետ, այսինքն՝ դաս տալու տարբերակ է: Մենք օրինակ ենք դառնալու մնացածների խելոք դառնալու համար»,- նշեց նոյեմբերի 5-ի գործով մեղադրյալը:

Հիշեցնենք, որ Միսակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1 մասի (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) հատկանիշներով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը դատախազ Գեւորգ Գեւորգյանը անչափահաս Շահեն Հարությունյանի համար առաջարկել է 5 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։

«Նոյեմբերի 5-ի» գործով ամբաստանյալ Վարդան Վարդանյանին դատախազը միջնորդեց դատապարտել 6 տարի, Ավետիս Ավետիսյանին՝ 6 տարի, 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանին՝ 6 տարի, 6, ամիս, Ալեք Պողոեսյանին՝ 6 տարի, Վահե Մկրտչյանին՝ 8 տարի, 6 ամիս, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5 տարի, 6 ամիս, Հայկ Հարությունյանին՝ 6 տարի, Սեւակ Մնացականյանին՝ 4 տարի, Տիգրան Պետրոսյանին՝ չորս տարի, Արմեն Հովհաննիսյանին՝ 4 տարի ազատազրկման, իսկ Միսակ Առաքելյանին նշանակել տուգանք՝ 50 հազար դրամի չափով։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: