ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) «Մրցունակ մասնավոր հատված» (CAPS) ծրագրի շրջանակներում Հայաստանում կազմակերպել է հայ երիտասարդ զբոսավարների որակավորման դասընթացներ, որոնց մասնակիցները հնարավորություն ունեն սովորել Զբոսավարների միության համաշխարհային ֆեդերացիայի (WFTG) դասընթացներ անցած եւ զբոսավարի բարձր որակավորում ստացած փորձառու մասնագետների մոտ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին Երեւանի տեսարժան վայրերով կազմակերպված շրջայցի ժամանակ (որը, միեւնույն ժամանակ, յուրատեսակ քննություն էր զբոսավարի չորսամսյան դասընթացներ անցած ուսանողների համար) պատմեց CAPS ծրագրի գործարար միությունների զարգացման ծրագրերի համակարգող Արմեն Շահբազյանը։
Նրա խոսքով, զբոսավարներ պատրաստելու համար Հայաստանում լուրջ հնարավորություններ կան։ «Մենք անում ենք ամեն բան, որպեսզի այս դասընթացները մեր երկրում շարունակական լինեն, մանավանդ որ տարածաշրջանում առաջին անգամ իրականացվում են հենց Հայաստանում»,- տեղեկացրեց Արմեն Շահբազյանը՝ USAID-ի նման նախաձեռնությունը իսկական նվեր համարելով հայ ապագա զբոսավարներին։
«Ինչ վերաբերում է դասընթացների վարձավճարների չափին, ապա այն չորս ամսվա համար կազմում է 240 հազար դրամ»,- ընդգծեց նա՝ հավելով, որ շրջանավարտների ծախսերը հոգում են ինչպես սկսնակ զբոսավարներով հետաքրքրված տուրօպերատորները, այնպես էլ իրենք՝ շրջանավարտները։ Շահբազյանի տեղեկացմամբ այսօր՝ հունիսի 19-ին քննություն հանձնող 17 ուսանողները չորսամսյա դասընթացների առաջին շրջանավարտներն են, որոնք՝ ի տարբերություն նույն ծրագրով որակավորման փուլեր անցած արդեն պատրաստի զբոսավարների, ամեն բան «սկսել են զրոյից»:
NEWS.am-ի հարցին, թե ովքե՞ր եւ ի՞նչ չափանիշներով են սկսնակների համար ուսումնական ծրագրերի պլան կազմում, CAPS ծրագրի՝ գործարար միությունների զարգացման ծրագրերի համակարգողը պատասխանեց, որ գործը վստահված է Հայաստանի Զբոսավարների միության մի քանի անդամների, որոնցից երկուսը միջազգային զբոսավարի որակավորում ունեցող մասնագետներ են։
Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե նախատեսվա՞ծ է արդյոք համապատասխան կարգի սերտիֆիկատի կամ լիցենզիայի տրամադրում չորսամսյա դասընթացներն ավարտած զբոսավարներին, ինչին միջազգային զբոսավարի որակավորում անցած Սվետլանա Սարգսյանն արձագանքեց, որ նման բան, անշուշտ, նախատեսված է, եւ հարցի լուծման տարբերակներ գտնելու համար Հայաստանի Զբոսավարների միությունը արդեն որերորդ տարին է՝ բանակցություններ է վարում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։ «Հուսով ենք՝ հարցը շուտափույթ լուծում կստանա»,- նկատեց նա։
Երեւանի տեսարժան վայրերով կազմակերպված շրջայցին ներկա գտնվող CAPS-ի երկու օտարերկրացի դիտորդները՝ ի պատասխան հարցի, թե ի՞նչ տպավորություն ստացան սկսնակ զբոսավարներից եւ շրջայցից առհասարակ, պատասխանեցին, որ բավականին տպավորված են ինչպես շրջանավարտների առաջին փորձերից, այնպես էլ մայրաքաղաքի տեսարժան վայրերից։
Նրանք իրենց պաշտոնական տեսակետը USAID-ին կներկայացնեն գրավոր զեկույցով։


























