«Նոյեմբերի 5-ի» գործով ամբաստանյալ, 15-ամյա Շահեն Հարությունյանի համար 5 տարի ազատազրկման դատախազի պահանջը դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի կատարի: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 8-ին, նման կարծիք հայտնեց  Շահեն Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը։

 «Ես կարծում եմ, որ նա արադարատություն կիրականացնի, եւ նման անարդար դատավճիռ չի կայացնի՝ անչափահաս երեխային ազատազրկելով»,- նշեց փաստաբանը:

Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ իր պրակտիկայում չի եղել նման դեպք, եւ իր համար դատախազի պահանջն անսպասելի էր:

«Եւս մեկ անգամ ապացուցվեց, որ սա իշխանությունների հաշվեհարդարն էր, սարքեցին սադրանք, ներկայացրեցին անձանց որպես խուլիգաններ, եւ այսօր էլ տեսեք, թե ինչպիսի դաժան միջնորդություն ներկայացրեցին: Ազատազրկման դատապարտել անչափահաս երեխային, որն ընդամենը 15 տարեկան է, դա աբսուրդ է»:

Փաստաբանը կարծում է, որ դատախազը Շահեն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը հաստատող ոչ մի փաստարկ չի ներկայացրել, եւ որ մեղադրանքը դեռ չի հիմնավորվել. «Մեղադրական ճառը հիմնված էր տուժողների, վկաների ցուցմունքների հիման վրա, արտասովոր ապացույց չկար: Էդ մարդիկ հո խուլիգանություն չէին անում, մարդիկ ակտիվիստներ էին, որոնք երթ էին ցանկանում կատարել»:

Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների դատական գործը աննախադեպ է քննության արագ ընթացքով:

«Ուզում են արագ-արագ պրոցեսը հասցնել իր տրամաբանական ավարտին, որովհետեւ սկսել էին սադրանքներով, գործը մտցրեցին դատարան եւ ամեն ինչ արեցին, որպեսզի սեղմ ժամկետներում դատական ակտ ունենան վճռի տեսքով: Որ լինեն նման թվով ամբաստանյալներ եւ այսպիսի արագություն մինչեւ այժմ չի եղել»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ դատաքննությունն սկսվել է հունիս 26-ին, իսկ հաջորդ դատական նիստին սեպտեմբերի 22-ին, արդեն փաստաբանները հանդես կգան պաշտպանական ճառերով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը դատախազ Գեւորգ Գեւորգյանը անչափահաս Շահեն Հարությունյանի համար առաջարկել է 5 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։

«Նոյեմբերի 5-ի» գործով ամբաստանյալ Վարդան Վարդանյանին դատախազը միջնորդեց դատապարտել 6 տարի, Ավետիս Ավետիսյանին՝ 6 տարի, 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանին՝ 6 տարի, 6, ամիս, Ալեք Պողոեսյանին՝ 6 տարի, Վահե Մկրտչյանին՝ 8 տարի, 6 ամիս, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5 տարի, 6 ամիս, Հայկ Հարությունյանին՝ 6 տարի, Սեւակ Մնացականյանին՝ 4 տարի, Տիգրան Պետրոսյանին՝ չորս տարի, Արմեն Հովհաննիսյանին՝ 4 տարի ազատազրկման, իսկ Միսակ Առաքելյանին նշանակել տուգանք՝ 50 հազար դրամի չափով։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: