Սահմանադրական բարեփոխումներ կատարելու այդպիսի հապճեպության մեջ կա սեփական իշխանությունը երկարաձգելու մտադրություն, ուստի դա շատ կարեւոր փաստարկ է եթե նույնիսկ ուրիշ փաստարկներ չլինեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը:

Նա շեշտեց, որ այս իշխանություններին երբեք վստահել չի կարելի եւ ոչ մի քվեարկություն: «Նախորդ ընտրություների արդյունքները ցույց տվեցին, որ այս իշխանությունները պատրաստ են ցանկացած հանրաքվե կեղծելու: Իսկ եթե մի փաստաթուղթ կեղծիքով է ընդունվում, ժողովրդի վստահությունը այդ փաստաթղթի նկատմամբ աղճատվում է եւ ժողովուրդը այլեւս չի հավատում այդ փաստաթղթի իրականացմանը: Եթե փաստաթուղթը չի ընդունվում ազատ արդար քվեարկության ճանապարհով, կնշանակի այդ փաստաթուղթը քվեարկության դնողները ներքին թաքնված մտադրություն ունեն, որը առկա է տողատակերում: Գործող իշխանությունների հանդեպ  անվստահությունը ցանկացած փաստաթղթի ընդունումը դարձնում է անցանկալի, հետեւաբար ուշ է շուտ է ժամանակը չէ հարցը կարեւոր է, բայց առավել կարեւոր է նաեւ այն, որ գործող իշխանություններին չպետք է թույլ տալ սահմանադրության մեջ որեւէ փոփոխություն, որովհետեւ դա գործելու է իրենց օգտին, նրանք ունեն թաքնված պլաններ»,- ասաց ՀԱԿ անդամը: 

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության վերջին խորհրդի ժամանակ հայտարարել է, թե  Սահմանադրական փոփոխությունների հակառակորդները միայն մի փաստարկ են բերում, թե հիմա ժամանակը չէ, ինչը ինքը փաստարկ չի համարում եւ կցանկանար փաստարկներ լսել: