Ոչ լեգիտիմ իշխանությունը երբեւիցե սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու որեւէ քաղաքական իրավունք չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ եթե իսկապես այդպիսի լավ բարեփոխումներ են պատրաստում, ապա թող համաձայնության գան մեկ տարվա ընթացքում նորմալ քննարկումների արդյունքում կազմել այդ ամենը, այնուհետեւ անցկացնել համապետական ընտրություններ: «Եթե նախագահական ինստիտուտն էլ վերանա եւ անցնի պառլամենտական համակարգը եւ ինքը հրաժարական տա, կնշանակվեն նոր համապետական ընտրություններ, սա կոնկրետ առաջարկ էր, որը մերժվել էր: իշխանությունների կողմից: Մենք առաջարկել էինք «Ընտրական օրենսգրքի» մի շարք դրույթներ հանել, խոսքը քվեարկած քաղաքացիների ցուցակները հրապարակայնացնելու եւ 100 տոկոս համամասնականին անցնելուն է վերաբերում: Մենք առաջարկում էինք սահմանադրական փոփոխություններին ընդառաջ օրենքներ ընդունել, ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալ, այդ ամենը չի արվել, էլ ի՞նչ փաստարկ է ուզում: Եթե այդ առաջարկությունները չեն ընդունվում, նշանակում
է՝ իշխանությունը հետին մտքեր ունի եւ բացարձակապես դրական բարեփոխումներ կատարելու խոսքերը կապ չունեն իրականության հետ»,-ասաց «Ժառանգության» փոխնախագահը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության վերջին խորհրդի ժամանակ հայտարարել է, թե Սահմանադրական փոփոխությունների հակառակորդները միայն մի փաստարկ են բերում, թե հիմա ժամանակը չէ, ինչը ինքը փաստարկ չի համարում եւ կցանկանար փաստարկներ լսել:





























