Հայաստանի նախագահն իր հայտարարության մեջ ոչ միայն պատգամավորներին, այլ նաեւ բոլոր պաշտոնատար անձանց կոչ է արել զգոնություն ցուցաբերել պարտականություններն իրականացնելիս: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հայտարարեց իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասխան հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված իշխող կուսակցության պատգամավորներին ուղղված Հայաստանի նախագահի կոչը՝ լինել ակտիվ եւ չլքել խորհրդարանի նիստերի դահլիճը:
«Եթե որեւէ մեկին վստահել են այս կամ այն ոլորտը, այս կամ այն աշխատանքը, ապա այն պետք է առաջնայինը լինի վերջնիս համար: Եթե ժողովուրդը պատգամավորին մանդատ է տվել, ապա բոլոր պատգամավորները, մասնավորապես՝ հանրապետականները, պետք է մեծ ուշադրություն դարձնեն իրենց աշխատանքին, եւ հետո միայն՝ անձնական շահերին», - ընդգծեց Բաղդասարյանը:
Հարցին՝ արդյոք նախագահն նկատի չունե՞ր այն հանգամանքը, որ պատգամավորների համար առաջին տեղում բիզնեսն է, իսկ հետ միայն մանդատը, Բաղասարյանը նշեց. «Եթե կան ապօրինի բիզնեսներ, ապա հնարավոր է: Սա սեփական աշխատանքի նկատմամբ զգոնության կոչ էր»:
Նկատառմանը, որ քվորումն ապահովելուց հետո գրանցված պատգամավորների մեծ մասը, մասնավորապես, հանրապետականները, լքել են նիստերի դահլիճը, Բաղդասայանը նշեց. «Այժմ աշխատանքային օրվա ավարտ է, եւ նիստերի դահլիճում 33 պատագամավոր կա (Ազգային ժողովի պատգամավորների թիվը 131 է՝ խմբ.): Պատգամավորի աշխատանքը կանոնակարգված չէ եւ նա պարտավոր չէ ողջ ընթացքում գտնվել նիստերի դահլիճում. նա կարող է գրանցվել եւ եթե հայտարարություններ չունի, կարող է իր աշխատանքը շարունակել արդեն աշխատասենյակում, կամ խորհրդարանական միջոցառումների շրջանակներում որեւէ հանդիպման ներկա գտնվել: Դա լիովին նորմալ է»:
Բաղդասարյանը նաեւ նշեց, որ հանրապետական պատգամավորներից 50-55-ը օրվա ընթացքում եղել են խորհրդարանում. «Վերջիվերջո մենք մտադիր չենք դիսպետչերի աշխատանք կատարել, պատգամավորները հասուն մարդիկ են, եւ ոչ խմբակցության ղեկավարը, եւ ոչ էլ որեւէ այլ մեկը չպետք է պատգամավորերի նկատմամբ վերահսկողություն սահմանի»: Մեր կուսակցության առաջնորդը զգոնության կոչ է արել եւ ես կարծում եմ՝ բոլոր պատգամավորները ըմբռնումով են մոտեցել այդ կոչին: Գաղտնիք չէ, որ խորհրդարանի դերը չի համապատասխանում իր նախատեսվող դերին: Մենք պետք է հասնենք հասարակությունում խորհրդարանի դերի բարձրացմանը»:





























