Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 22.05-ին, գծային բաժին բերման է ենթարկվել Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւոր, ԱՄՆ քաղաքացի, 1967 թ. ծնված Ալեքս Կառա Թադեւոսյանը, նույն ինքը՝ Անաստաս Կարապետի Թադեւոսյանը, որը 2001 թ. դեկտեմբերի 1-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով):

Խափանման միջոցը` կալանք:

Ա. Թադեւոսյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Սպանությունը տեղի է ունեցել 1992 թ.: Մայիսի 22-ին, ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ անձինք Երեւանի Մայակովսկու եւ Բուռնազյան փողոցների խաչմերուկում ՎԱԶ-2109 մակնիշի ավտոմեքենայից ինքնաձիգից կրակահերթ էին արձակել, ինչի հետեւանքով սպանվել էին Երեւան քաղաքի բնակիչներ Սոս Ե.-ն եւ Հայկ Հ.-ն:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ նշված հանցագործությունը կատարել են Անաստաս Թ.-ն, Սմբատ Գ.-ն, Արմեն Կ.-ն եւ Էդիկ Մ.-ն:

Անաստաս Թ.-ի նկատմամբ որոշում էր կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: