Առաջին ատյանի դատարանը չհիմնավորված որոշում է կայացնելով՝ թրաֆիքինգի համար մեղադրվող Ռաֆիկ Մարկոսյանին դատապարտելով 11 տարվա ազատազրկման։ Այս մասին՝ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ վերաքննիչ դատարանում հայտարարեց 25-ամյա Ռաֆիկ Մարկոսյանի փաստաբան Մարինե Թովմասյանը, որը Վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին տայանի դատարանի որոշումը, կամ գործն ուղարկել նոր քննության։
Փաստաբանի խոսքով՝ տուժող Աստղիկ Գալստյանի հայրը ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին, թե Ռաֆիկ Մարկոսյանն իր դստերը մարմնավաճառության նպատակով առեւանգել եւ ՌԴ Մինվոդի քաղաք է տեղափոխել, մինչդեռ Աստղիկն ամուսնացած է եղել Ռաֆիկի հետ, եւ նրանք Ռուսաստան են մեկնել այնտեղ ապրելու նպատակով։
Փաստաբանի պատմելով՝ Աստղիկը սովորելու հետ համատեղ աշխատել է խանութում որպես վաճառողուհի, որտեղ ծանոթացել է Ռաֆիկ Մարկոսյանի հետ, մի քանի անգամ հանդիպել են, Ռաֆիկը նրան տուն է ուղեկցել, սրճարան են գնացել, մի օր էլ սրճարանից հետո Աստղիկը տուն չի գնացել, փաստաբանի խոսքով, Ռաֆիկի հետ գնացել են Սեւան, որտեղ «փոխադարձ համաձայնությամբ» կենակցել են։ Առավոտյան Աստղիկը զանգել է հորը, ասել, որ սիրում է Ռաֆիկին եւ ուզում է ամուսնանալ նրա հետ։ Տնեցիները պահանջել են, որ Ռաֆիկը ծնողների հետ գա դստեր ձեռքը խնդրելու, Ռաֆիկը, որը ծնողների հետ վիճած է եղել, ստիպված է եղել նախկին սիրուհուն՝ Քրիստինեին տանել իր հետ՝ ներկայացնելով նրան որպես մորաքրոջ աղջիկ։
«Ամուսնությունից մի քանի օր անց հենց Քրիստինեն է կարմիր խնձոր տարել Աստղիկենց տուն»,- պատմեց փաստաբանը։
Ռաֆիկը Հայաստանում տուն չուներ, ամուսնությունից որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվել են Մինվոդի, Քրիստինեն էլ՝ նրանց հետ։
«Աստղիկի խոսքով՝ մինչեւ Հայաստանի սահմանն անցնելը Ռաֆիկն ավտոբուսում իր կողքին է նստել, հենց անցել են սահմանը, վերցրել է իր անձնագիրը ու տեղափոխվել Քրիստինեի կողքին, իսկ երբ Աստղիկը շրջվել ,է տեսել է, որ նրանք գրկախառնված համբուրվում են, հասկացել է, որ խաբել են իրեն»,- պատմեց փաստաբանը՝ նշելով, որ դստերն առեւանգելու մասին հաղորդում տալիս Աստղիկի հայրը «մոռացել է» նշել, որ հենց ինքն է վճարել դստեր ճանապարհածախսը։
Աստղիկի ցուցմունքի համաձայն՝ Մինվոդի հասնելուց հետո Ռաֆիկն իրեն ասել է, որ իրեն փող է հարկավոր, եւ Աստղիկը պետք է մարմնավաճառությամբ զբաղի, ինքը, սակայն, չի համաձայնել, իսկ երկու օրից Մինվոդիի շուկայում հանդիպել է Վաչիկ անունով մի մարդու, որն իրեն առաջարկել է մոտակա գուղում սոխ մշակել։ Աստղիկը համաձայնել է, եւ նրանք երեքով՝ Աստղիկը, Ռաֆիկը եւ Քրիստինեն, միասին չնչին գումարի դիմաց սոխ են մշակել։ Աստղիկը, չդիմանալով աշխատանքի ծանրությանը, Ռաֆիկին խնդրել է իրեն հետ ուղարկել Հայաստան, սակայն Ռաֆիկը, Աստղիկի խոսքով, ստիպել է իրեն շարունակել աշխատել՝ որպես այլընտրանք առաջարկելով մարմնավաճառությունը։ Երբ Աստղիկը համառել է, Ռաֆիկը ստիպել է, որ նա գրություն թողնի, որ ամուսնանալիս կույս չի եղել, եւ միայն դրանից հետո է վերադարձրել նրա անձնագիրը։
Փաստաբանը Մինվոդիի հարեւաններից բերել է վկայություններ, որ նրանք Աստղիկին չեն տեսել սոխ մշակելիս։ Նա այժմ փորձում է ապացուցել, որ Աստղիկը հնարել է այս պատմությունը, որովհետեւ խանդել է Քրիստինեին։
«Դատարանում հենց այդպես էլ հայտարարեց. «Մի հատ ինձ նայեք։ Ինձ Քրիստինեի հետ ա փոխել»,- պատմեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ Աստղիկի հարազատները չարությամբ են լցված իր պաշտպանյալի նկատմամբ, գույները խտացրել են եւ դեպքը վերածել են թրաֆիկինգի։
«Եթե իմ պաշտպանյալը ծեծել եւ ճնշել է իր կնոջը, դա դեռեւս թրաֆիկինգ չի համարվում»,- ասաց Մարինե Թովմասյանը՝ նշելով, որ պաշտպանյալի դեմ սխալ հոդվածով է մեղադրանք առաջադրվել։
Փաստաբանի խոսքով՝ ինքն անձամբ մեկնել է Մինվոդի, որտեղ խոսել է առանցքային վկաների հետ, բացահայտվել են նոր հանգամանքներ, որոնք ապացուցում են, որ իր պաշտպանյալն Աստղիկ Գալստյանին չի դրդել մարմնավաճառության, սակայն դատարանը դա ընդհանրապես հաշվի չի առել։
«Դատարանը հաշվի է առել միայն Աստղիկի ցուցմունքը, որ Հայաստանում Ռաֆիկն իրեն որպես իր կին է ներկայացրել, մինչդեռ Մինվոդիում՝ որպես քույր։ Միայն այս ցուցմունքի հիման վրա դատարանը ապացուցված է համարել իմ պաշտպանյալի դեմ ներկայացված՝ թրաֆիկինգի մեղադրանքը»,- ասաց փաստաբանը։
Նշենք, որ Ռաֆիկ Ավետիսի Մարկոսյանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ, 7-րդ կետերով և ազատազրկվել 11 տարով։
Դատական նիստը հետաձգվեց։





























