«Նաիրիտի» գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանի աշխատանքից ազատվել է եւ նրա պարտականությունները այսուհետ կկատարի առաջին տեղակալ Ռուբեն Սաղաթելյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Նաիրիտի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ խորհուրդը ընդունել է Հախինյանի դիմումը, իսկ առաջին տեղակալ Ռուբեն Սաղաթելյանը ստանձնել է գլխավոր տնօրենի պարտականությունների կատարումը:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե «Նաիրիտի» խորհրդի նիստում որոշում է ընդունվել ազատել աշխատանքից ձեռնարկության գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանին: Նրա փոխարեն այս պաշտոնին կնշանակվի նրա տեղակալ Ռուբեն Սաղաթելյանը: Խորհրդի նիստին ներկա է եղել էներգետիկայի նախարարի տեղակալներից մեկը, «Նաիրիտի» նախկին տնօրեն Վահան Մելքոնյանը, ինչպես նաև ռուսական կողմի մի ներկայացուցիչ:
Հիշեցնենք, որ «Նաիրիտի» հետ կապված գործնական ծրագրեր ուներ «Ռոսնեֆտ» ընկերությունը: Այս տեղեկություններն իմացանք գործարանի աշխատակիցներից: Հովհաննես Հախինյանը «Նաիրիտ» ՓԲԸ-ի ամենահին աշխատողներից էր, որը մոտ 50 տարի աշխատում էր այստեղ: 2011 թվականից նա ղեկավարում էր գործարանը՝ այս պաշտոնում փոխարինելով Վահան Մելքոնյանին: Կոլեկտիվում տարածված է կարծիք, որ նրան պարզապես քավության նոխազ դարձրին»,–գրում է թերթը։




























