Կառավարման խորհրդարանական համակարգին անցման մեխանիզմը չի ձեւավորվել: Այդ մասին այսօր՝  սեպտեմբերի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիդ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ կառավարման համակարգի փոփոխության մասին որոշումը պետք է հանրաքվեի ճանապարհով լուծվի, այլ ոչ թե «իշխող խունտայի» որոշմամբ: Բացի այդ, անհրաժեշտ է քաղաքական կուսակցությունների մասին նոր օրենք մշակել եւ ձեւավորել բուրժուա-ազատական եւ սոցիալ-ժողովրդավարական կուսակցություններ:

Անդրադառնալով նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հարցերով հանձնաժողովի աշխատանքներին՝ Հակոբյանը վերջինիս անդամներին մեղադրեց անիրազեկության մեջ եւ կոչ արեց մշակել նաեւ երկրի տնտեսական ոլորտի փոփոխությունների նախագիծ:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանի նախագահը բարձրացրել կառավարման խորհրդարանական համակարգի անցման հարցը. «Հավանաբար, Սերժ Սարգսյանն ունի պետության ղեկավարի այնպիսի թեկնածություն, որին նա չի կարող իշխանության գլուխ բերել նախագահական ինստիտուտի միջոցով, ուստի այլ ուղիներ է փնտրում»:

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը նախագահին կներկայացվի հոկտեմբերի կեսին: