Քաղաքական չորս ուժերի համագործակցությունը խորհրդարանի շրջանակում է կատարվում, եւ չի վերաճել այնպիսի ձեւաչափի, որ ծառայի ազգային շահերին՝ իշխանափոխություն, խորհրդարանական եւ նախագահական արտահերթ ընտրությունների անցկացում:

Այս մասին լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք քառյակի քայքայումը՝ հաշվի առնելով, որ   սահմանադրական բարեփոխումների նախագիծը ենթադրում է անցում խորհրդարանական համակարգին,  որին կողմ է ՀՅԴ-ն:

Փոստանջյանը կարծում է, որ քառյակի համագործակցության ձեւաչափը կշարունակվի:

«Խորհրդարանական քառյակը փոքր համագործակցություն է  խորհրդարանում: Եթե սկսի ազգային շահերին ծառայել, այն քաղաքական ուժերը, որոնք կփորձեն  դուրս գալ այդ գործընթացից, դուրս կգան նաեւ քաղաքական գործընթացներից»,- ասել է նա:

Պատգամավորը վերստին նշել է, որ  «Ժառանգությունը» նախկինի պես դեմ է սահմանադրական բարեփոխումներին: