Մեր ռազմական դոկտրինայի մեջ ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը սպառնալիք է, եւ եթե մեր հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ համախմբված չեն բոլորը, հատկապես երիտասարդները, ապա այն չի կարող պատշաճ իրականացվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ դպրոցներում ռազմահայրենասիրական կրթության ծրագրի վերաբերյալ ՊՆ-ի, ԿԳՆ-ի ու ԵԿՄ-ի միջեւ հուշագրի ստորագրման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ անչափ կարևոր է, որ կարողանանք մեր երիտասարդ սերնդի դաստիարակությունը պատշաճ կազմակեպել: Հայ ժողովրդի դաստիարակության մաս է կազմում ռազմահայրենասիրակական դաստիարակությունը, որը պետք է սկսվի դպրոցներից մեր բոլորի մասնակցությամբ: Կարծում եմ` նորագույն պատմության մեջ կարևոր է Արցախյան գոյամարտի, ազգային ազատագրական շարժման մասին հայրենասիրական այն դրսևորումները, որ կան մեր մեջ, հաղորդել մատաղ սերնդին»,- ընդգծեց նախարարը:
Նախարարի խոսքով՝ այս ծրագիրը ներդնելով մեր կրթական համակարգում, ավելի լուրջ ձեռքբերումների կհասնենք եւ ավելի համակարգված կիրականացնենք ռազմահայրենասիական դաստիարակությունը։
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ պաշտպանության նախարարության հետ նախարարությունը ամենամյա ռազմավարական ծրագրեր է իրականացրել՝ ուղղված պատանիների ռազմահայրենսիրական դաստիրակությանը:
«Հուշագրի կնքումով մենք սկսում ենք գործընթացը, որն ավելի հանրային ներգրավման ու ընկալման կարիք ունի: Ռազմահայրենասիրական դաստիարակությունը կառավարության գերակա ուղղություններից մեկն է, և այսօր կարող ենք ազդարարել նոր ծրագրի մեկնարկը»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորել է ՀՀ կառավարությունը, այն նախատեսված է 2015թ. բյուջեով, նաեւ հատկացումներ են արվել 2014-ի համար:





























