Վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայում արձանագրված փաստերը վկայում են այն մասին, որ նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանն ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հայաստանի համար չարյաց փոքրագույնն են: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Արեւմտահայերի ազգային խորհրդի փոխնախագահ Արագած Ախոյանը:

Նրա խոսքով՝ փորձագետները հավաստիացնում են, որ Էրդողանն ու Դավութօղլուն ճշմարիտ թուրքական քաղականություն են վարում: «Ամեն դեպքում, Թուրքիայում դրական քայլերը նկատելի են, դա նկատելի է Թուրքիա մեր այցելություններից եւ այնտեղ կազմակերպող միջոցառումներից: Մենք ամեն տարի Հրանտ Դինքի մահվան տարելիցին նվիրված համաժողովներ ենք կազմակերպում, որոնց ընթացքում ելույթներ ենք ունենում, քննարկում Թուրքիայի ապագան՝ փաստելով, որ առանց Հայոց ցեղասպանության հարցի լուծման Թուրքիան ապագա չունի: Սրա հետ համաձայն են թուրքական քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ», - ընդգծեց Արագած Ախոյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները կայացել էին օգոստոսի 10-ին, հաղթել էր գործող վարչապետ Էրդողանը։ Վարչապետ էր նշանակվել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: