Պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ներկայիս ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի համար 14 տարվա ազատազրկման դատապարտված եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Գագիկ Մաթեւոսյանը ենթարկվում է խոշտանգումների: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գագիկ Մաթեւոսյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը:
«Գագիկ Մաթեւոսյանի պարագայում մի աչքը չկա որպես այդպիսին, իսկ մյուս աչքի տեսողությունն էլ չի գերազանցում 0,05 տոկոսը, եւ այդ բժշկական եզրակացության հիման վրա նա ստացել է հաշմանդամության 2-րդ կարգ: Եթե մարդն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք հնարավորություն են տալիս պատժից ազատվել, սակայն չեն ազատում, ստացվում է, որ ենթարկում են խոշտանգումների»,- ասաց Արթուր Գրիգորյանը:
Հղում անելով ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի թիվ 829 Ն որոշման երկրորդ հավելվածին, որտեղ ներկայացված է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում մարդիկ կարող են ազատվել պատիժը կրելուց, պաշտպանը նշեց. «Գագիկ Մաթեւոսյանի դեպքը համընկնում է բոլոր կետերին, սակայն նա շարունակում է պատիժ կրել»:
Փաստաբանի խոսքով՝ իրենք բազմիցս դիմել են Արդարադատության նախարարություն, քրեակատարողական հիմնարկի վարչությանը, ինչպես նաեւ դատարան, սակայն իրենց գրավոր հարցումներին չեն պատասխանել, դատարանն էլ մերժել է իրենց ներկայացրած հայցը:
«Մենք փորձեցինք դիմել դատարան, սակայն մեր դիմումը մերժվեց դատարանի կողմից, քանի որ մենք դիմելու իրավունք չունենք, եւ պետք է դիմի քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան: Իսկ ադմինիստրացիան ոչ միայն չի դիմում, այլեւ առհասարակ հրաժարվում է պատասխանել իմ ցանկացած գրավոր հարցմանը՝ պատճառաբանելով, որ կստեղծվի նախադեպ: Արդյո՞ք ընկեր Բերիայի ժամանակներն են վերականգնվել, թե՞ իշխանություններն ուզում են վերականգնել այդ ժամանակները, չեմ հասկանում»,- ասաց Արթուր Գրիգորյանը:
Փաստաբանի կարծիքով՝ խնդիրը համակարգային է, եւ անհրաժեշտ է պայքարել համակարգի դեմ. «Մենք այսօր գործ ունենք այնպիսի համակարգի հետ, որը կամայական մոտեցումներ է ցուցաբերում նմանատիպ հարցերում եւ մարդկանց պատժից ազատելը իրենց համար դարձել է հայեցողության շրջանակ, իսկ այդ շրջանակը ունեցել են փարավոնները Եգիպտոսում, բայց ոչ հիմա»,- ասաց Արթուր Գրիգորյանը:
Փաստաբանը նշեց, որ իրենք պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ Գագիկ Մաթեւոսյանի առողջությունը վտանգված է, եւ ցանկացած պահի նա կարող է զրկվել տեսողությունից:
Հիշեցնենք, որ Գագիկ Մաթևոսյանը, որը հայտնի է «Մուսկուլ Գագո» մականվամբ, ըստ մեղադրական եզրակացության, 2006թ. ձևավորել է 6 անձանցից կազմված բանդա և մշակել պաշտոնատար անձանց սպանության ծրագրեր: Գագիկ Մաթևոսյանը անմիջական մասնակցություն է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իր կազմակերպած սպանության հանցափորձի կատարմանը։ Գագիկ Մաթևոսյանը 1992-1997թթ. ծառայել է ՆԳ նախարարության ներքին զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումում որպես հրամանատարի տեղակալ: 2011 թ. դատարանի որոշմամբ նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:





























