Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտ 2013թ. ապրիլին տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող 17-ամյա  Հայկ Աղամալյանի համար մեղադրողը 10 տարվա ազատազրկում է պահանջում: Մեղադրող Հակոբ Մելքոնյանն այսօր` սեպտեմբերի 9-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում իր ճառում հայտնեց, որ գործի նախաքննության եւ դատաքննության արդյունքում ամբողջությամբ հիմնավորվել է 19-ամյա Տիգրան Հայրապետյանի սպանության մեջ Հայկ Աղամալյանի մեղավորությունը:

«20 վկաները դատաքննության եւ նախաքննության փուլերում մատնանշել են այնպիսի հանգամանքներ, որոնցով հիմնավորվել է Հայկ Աղամալյանի դեմ առաջադրված մեղադրանքն իր ողջ ծավալով: Հայկ Աղամալյանը ապրիլի 9-ին 20-25 հոգանոց տղաների խմբի հետ Տերյան փողոց է գնացել, մոտեցել 8 հոգանոց տղաների խմբի, հանել իր մոտ եղած դանակը եւ գոռացել` ո՞վ է հարվածել իմ ընկերոջը: Այնուհետեւ ծեծկռտուք է սկսվել, Հայկ Աղամալյանը աջ կողմից սուր ծակող գործիքով կրծքավանդակի մասում մահացու հարված է հասցրել Տիգրան Հայրապետյանին, նա վազել է Տերյան փողոցով եւ ընկել ճանապարհին»,-ասաց մեղադրողը:

Մեղադրող Հակոբ Մելքոնյանն արժանահավատ չհամարեց Հայկ Աղամալյանի տված այն ցուցմունքը, թե ինքը Տիգրան Հայրապետյանին չի հարվածել,  մի անծանոթ տղայի է հարվածել ուսի մասում, իսկ նախաքննության ժամանակ ինքնախոստովանական ցուցմունք տալիս էլ մտածել է, թե մահացածը հենց այդ տղան է, ոչ թե Տիգրան Հայրապետյանը: Մեղադրողի խոսքով` անչափահասի մեղադրանքը ծանրացնող հանգամանք է այն, որ Հայկ Աղամալյանը ակտիվ դերակատարում եւ առաջնորդող դեր է ունեցել կռվում:

Գործով մյուս ամբաստանյալ Դավիթ Մանուկյանի համար, որը մեղադրվում է խուլիգանության, հանցագործության գործիք դանակը թաքցնելու մեջ, մեղադրյալը պահանջեց 3 տարի 6 ամիս ազատազրկում`առաջարկելով նրա նկատմամբ համաներում կիրառել եւ ազատել պատժից: Բացի այդ, դատական ծախսերը փոխհատուցելու համար մեղադրողը 173 հազար 884 դրամ դրամական փոխհատուցում պահանջեց ամբաստանյալներից:

Տուժողի հայրը՝ նրա իրավահաջորդ Պատվական Հայրապետյանը, դատարանից պահանջեց  խստագույն պատիժ սահմանել ամբաստանյալների  նկատմամբ:

«Մարդիկ չեն ուզում գիտակցել, թե ինչ են արել: Մենք խաղաղ ընտանիք էինք, ապրում էինք առանց ինչ-որ մեկին նեղություն տալու, սովորական կյանքով: Առանց ինչ-որ առիթի կտրել են այդ ընտանիքի ծուխը եւ փորձում են արդարանալ: Դատարանից խնդրում եմ օրենքով սահմանված առավելագույն պատիժ սահմանել ամբաստանյալների համար, որ նրանք ժամանակ ունենան եւ մտածեն, թե ինչ են արել»,-ասաց նա:

Պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց ժամանակ տրամադրել` պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 29-ին:

Հիշեցնենք, որ 17-ամյա Հայկ Աղամալյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Դավիթ Մանուկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 334 հոդվածի 1-ին մասերով: