Եմենի մայրաքաղաքում ոստիկանները կրակ են բացել շիական զեյդիտների աղանդի ցուցարարների ուղղությամբ, որոնք խմբվել էին Սանայում կառավարական շենքերի համալիրի մոտ:
Ամբոխի շարքերում հրմշտոց է սկսվել: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ առնվազն չորս մարդ զոհվել է, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Շեյխ Աբդուլ Մալիքի հազարավոր հետեւորդները պահանջում են կառավարության հրաժարականը եւ վառելիքի սուբսիդիաների վերականգնում:
Սեպտեմբերի 8-ին իշխանությունները վտարել էին անվտանգության ծառայության ղեկավարին՝ զանգվածային ցույցը դադարեցնելու անկարողության համար:
Հյուսիսային Ջաուֆ նահանգում կառավարական օդային ուժերը ավիահարվածներ են հասցնում ապստամբների դիրքերին:
Նախորդ շաբաթ առնվազն 40 մարդ էր զոհվել Ջաուֆի բախումներից:





























