«Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը» կրկին կբողոքարկեն ՀՀ  Սահմանադրական դատարանում: Այս մասին սեպտեմբերի 9-ին խորհրդարանական հայտարարությունների ժամին հայտնել է  ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝  «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը», նույնիսկ նոր խմբագրությամբ, հակասում է Սահմանադրությանը, քանի որ պարունակում է հարկադիր վճարումների բաղադրիչ:

Բողոքարկման նախաձեռնությանն արդեն  աջակցություն են  հայտնել ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն: Նախաձեռնությանը կողմ կքվեարկեն նաեւ քառյակի մյուս երկու անդամները՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:

«Հուսով եմ՝ այս անգամ պատգամավորները կփորձեն ավելի ուշադիր ընթերցել օրենքները, որոնք ընդունում են եւ որոնք նախկինի պես խախտում են Սահմանադրությունը: Եվ նաեւ այն քաղաքացիները, որոնք հակված չեն փողոցային պայքարի, իրենց իրավունքները կպաշտպանեն Սահմանադրական դատարանում», – հավելել է Մինասյանը:

Հիշեցնենք,  2014թ. հուլիսի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ էր մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» խմբագրված օրենքը, որով 5%-ի չափով պարտադիր վճարումները վերանվանվել էին պարտադիր սոցիալական վճարներ եւ հավասարվել բյուջետայինի, ինչն էլ դրանք դե յուրե դարձրել էր պարտադիր: Պետական սեկտորի վրա օրենքը տարածվել էր անմիջապես, մասնավորի վրա կտարածվի 2017թ. հուլիսի 1-ից: