Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ, Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, պետական համալսարանում փաստաթուղթ է ստորագրվել Երեւանի եւ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանների միջեւ համագործակցության վերաբերյալ:

Փաստաթուղթը ստորագրել են երկու համալսարանների ռեկտորներ Արամ Սիմոնյանն ու Նիկոլայ Կորպաչեւը: Այնուհետեւ նախագահները մասնակցել են Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ, ակադեմիկոս Հ. Օրբելիի հուշարձանի բացմանը: Արարողությանը ներկա է եղել գիտնականի զարմիկ Աբգար Օրբելին։

Սերժ Սարգսյանը  մասնակցել է նաեւ գիտնականներ Վ. Համբարձումյանի եւ Ա. Թախտաջյանի դիմանկարների բացման արարողությանը: ՀՀ նախագահը այսօր կայցելի նաեւ Սբ. Կատարինե հայկական եկեղեցի եւ հայ մշակույթի կենտրոն: Երեկոյան Սերժ Սարգսյանը Մարիինյան թատրոնում կմասնակցի քաղաքի հայ համայնքի 300-ամյակին նվիրված համերգին, այնուհետեւ Տավրիկյան պալատում ընդունելություն կլինի, որտեղ նա հանդես կգա ելույթով: Ուշ երեկոյան Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Նշենք, որ առաջին անգամ հայերը Սանկտ-Պետերբուրգում հայտնվել են 1708 թվականին, եւ մի քանի տարի անց Նեւայի ափին հիմնադրվել են նրանց առեւտրական ավանները: Ներկայումս Սանկտ-Պետերբուրգում ապրում է շուրջ 100 հազար հայ: Հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են այս տարվա հունվարից: