Առողջապահական համակարգի արդյունավետության գնահատման առանցքային չափանիշներից մեկը դեղերի որակի հիմնախնդիրն է: Այդ մասին Ազգային Ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
«Ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք առնչվում են դեղերի եւ դեղահումքի ներմուծման, գրանցման, պետական գնումների միջոցով ձեռք բերելու ընթացքում առկա կոռուպցիոն ռիսկերին: Հաճախ շուկայում հայտնվում են դեղեր, որոնք չեն համապատասխանում որակի բավար չափանիշներին եւ շրջանառության մեջ մտնում են ներմուծողների կամ արտադրողների ազգակցական կապերի կամ քաղաքական հովանավորչության արդյունքում»,- նշել է նա:
Ըստ պատգամավորի, ցածրորակ դեղերի ներմուծումը մեծ չափով վերաբերում է հոգեմետ դեղերին եւ ինսուլինին: «Օրենսդրական որոշ բացերի եւ թերացումների հետեւանքով պետական գնումների միջոցով ձեռք են բերվում դեղեր այնպիսի երկրներից, որտեղ չկան դեղերի որակի ապահովմանն ուղղված բավարար պայմաններ: Արդյունքում, պետպատվերի շրջանակներում բնակչությանը տրամադրվում է դեղորայք, որը կամ չի բարելավում հիվանդի առողջական վիճակը, կամ էլ ավելի է վատթարացնում»,- ասել է պատգամավորն ու հավելել. «Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մամուլում հայտարարեց, որ մշակվել եւ կառավարություն է ներկայացվել դեղերի մասին նոր օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա կանոնակարգել դեղի շրջանառության ողջ կենսաշղթան` արտադրությունից, ներկրումից մինչեւ սպառող եւ նշել, որ դեղերի ոլորտում իր համար անկարեւոր հարցեր չկան: Ուզում եմ հույս հայտնել, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ իրապես կկանոնակարգվեն եւ կլուծվեն կուտակված խնդիրները»:
Պատգամավորը նկատել է, թե, օրինակ, ասիական երկրներում, շատ հաճախ՝ Հնդկաստանում գրանցված որեւէ դեղամիջոց ներկրվում է Հայաստան, ապա անցնում ընդամենը լաբորատոր-քիմիական փորձաքննություն եւ դեղ-գործակալությունում գրանցվում, որպես շրջանառության ենթակա դեղամիջոց, որից հետո, այդ դեղամիջոցը իր ցածր գնի շնորհիվ հաղթում է պետական գնումների մրցույթում եւ տրվում հոգեկան խնդիրներ ունեցող կամ շաքարային դիաբեդով տառապող մեր հայրենակիցներին: «Անհրաժշտ է այս շղթան կտրել՝ թե՛ օրենսդրական կանոնակարգման, եւ թե՛ հետագա թափանցիկ գործելաոճի միջոցով:
Լիարժեք կարգավորված չէ նաեւ դեղերի գրանցման ընթացակարգը, որտեղ հաճախ հաշվի չի առնվում գրանցվող դեղի կենսա-համարժեքության հարցը՝ ինչպե՞ս է կոնկրետ դեղամիջոցը նպաստում հիվանդի առողջական վիճակի բարելավմանը: Պատասխանը կարող է տալ միայն կլինիկական լուրջ փորձաքննությունը, այսինքն՝ մարդկանց վրա դեղի փորձարկումը, եւ ոչ՝ պարզապես դրա քիմիական բաղադրության ստուգումը:
Ազգի առողջությունը ազգային անվտանգության խնդիր է, եւ պետության վերաբերմունքն այդ հարցի նկատմամբ ուղիղ վկայությունն է նրա լրջության աստիճանի: Չմոռանանք նաեւ, որ հատկապես այսօրվա աշխարհում միշտ կա բիո-ահաբեկչության վտանգ»,- ամփոփել է Սարգսյանը:




























