ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը փոխելուն միտված թուրք-ադրբեջանական գործարքը տապալվեց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ փոխնխագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ուշադրության են արժանի թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը՝ կապված Հայոց ցեղասպանության եւ ԼՂ հակամարտության հետ, որոնց վառ ապացույցը բոլորովին վերջերս Բաքվում Թուրքիայի նորընտիր նախագահի հայտարարությունն էր, համաձայն որի՝ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն ԼՂ հիմնախնդրի կարգավորումից հետո միայն: Բացի այդ, Էրդողանը պատրաստակամություն հայտնեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պաշտպանել Ադրբեջանի շահերը:

Ակնհայտ է, որ նա մոռացության է մատնում այն, որ Թուրքիան երեք տասնամյակից ավել բռնազավթած է պահում Եվրամիության անդամ Կիպրոսի 38 տոկոսը: Թուրքիայի նման քաղաքականությունը հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ գողն առաջինն է գոռում` բռնեք գողին:

Հարգելի գործընկերներ,

Ընդամենն օրեր առաջ Նյուպորտում Հանրապետության ղեկավարը ՆԱՏՕ-ի բարձր ամբիոնից հանդես եկավ ելույթով եւ ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը չպետք է փոխվի, իսկ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Ավելին՝ նշվեց, որ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող բռնապետի հովանավորն ու լոբբիստը Թուրքիան է:

Հատկանշական է, որ Սարգսյան-Ալիեւ-Քերի հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարը հստակ ազդակ հղեց Ադրբեջանին: Նա ընդգծեց.

Առաջին՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:

Երկրորդ՝ տարածաշրջանում իրավիճակի ապագա սրումն անթույլատրելի է:

Երրորդ՝ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես Մինսկի խմբի ձեւաչափով:

Այսպիսով՝ վստահաբար կարող ենք նշել, որ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը փոխելուն միտված թուրք-ադրբեջանական գործարքը տապալվեց:

Հարգելի խորհրդարան,

Ակնհայտ է, որ մեր երկրում վաղուց հասունացել է համակարգային բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունը, որն առանց սահմանադրական բարեփոխումների ուղղակի անհնար է: Վերջին տարիներին Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը արտահայտվում էին սահմանադրական բարեփոխումների անցկացման օգտին: Ավելին՝ նրանցից շատերը նախագահական ընտրություններից առաջ անհրաժեշտություն էին համարում խորհրդարանական կառավարման համակարգին անցումը: Սակայն այսօր այդ քաղաքական ուժերից մի քանիսը հրաժարվում են իրենց իսկ երբեմնի օրակարգից: Երբ հարցնում ես՝ ինչն է պատճառը, պատասխանում են, որ դեռ ժամանակը չէ:

Այս մոտեցումը անլուրջ է եւ ոչ քաղաքական: Նման պահվածքի պարագայում հավանականությունը մեծ է, որ որոշ քաղաքական ուժեր կհայտնվեն քաղաքական պրոցեսների լուսանցքում»: