Հայաստանի խորհրդարանի պատգամավորները հիանում են իրենց զինվորների անկոտրում ոգով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին մեր տղաները, մոռանալով իրենց մասին, արեցին ամեն բան, որպեսզի պաշտպանեն հայրենիքը, որը սիրում են կյանքից առավել: Իսկ ի՞նչ արեցինք մենք, որպես հասարակության ընտրյալներ: Մենք բազմիցս եղանք մարտական դիրքերում, ոգեւորեցինք զինվորներին եւ ոգեւորվեցինք ինքներս՝ տեսնելով նրանց կայուն ոգին»,-հայտարարել է Մելիքյանը:

Պատգամավորները եղան նաեւ սահմանամերձ գյուղերում, որտեղ ավելի մոտիկից ծանոթացան տեղի բնակիչների կենցաղային եւ սոցիալական խնդիրներին: Այդ խնդիրները հաշվի առնելով, կառավարությունը շուտով արտոնությունների փաթեթ կպատրաստի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար, այդ թվում կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության ոլորտներում: «Մեր համաքաղաքացիները դրան արժանի են»,-հավելել է նա: