Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր էր երկրի վարչապետ նշանակել այնպիսի մարդու, ում նա կվստահեր եւ միաժամանակ կվերահսկեր: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Թուրքիայի նոր կառավարության քաղաքականություն. ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի վարչապետի պաշտոնում նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի նշանակմանը:

Վերլուծաբանի խոսքով՝ Թուրքիայի նոր կառավարությունը ժամանակավոր է, քանի որ խորհրդարանական ընտրություններին ընդամենը 10 ամիս է մնացել: «Ներկայիս կառավարության գլխավոր առաջնահերթությունը խորհրդարանական ընտրությունները կլինի: Էրդողանի կողմից Դավութօղլուի ընտրությունը հետաքրքիր է երկու պատճառներով. առաջինը, Էրդողանը ցանկանում էր նշանակել վստահելի, միեւնույն ժամանակ նաեւ՝ վերահսկելի մարդու: Դավութօղլուն ճշմարիտ քաղաքական գործիչ չէ, նա նախկին ակադեմիկոս է, պրոֆեսոր: Էրդողանը որոշեց ոչ թե հաջորդ ընտրություններում ձայներ ապահովող վարչապետ նշանակել, այլ կառավարության հավատարիմ եւ խոնարհ ղեկավաի», - նշեց Ռիչարդ Կիրակոսյանը: Երկրորդը, Դավութօղլուի նշանակումը անսպասելի էր հետեւյալ տեսակետից. «Արտգործնախարարի կարգավիճակում նա տապալված է. նա 10 տարվա ընթացքում դիվանագիտական հաջողություններ չի գրանցել», - ընդգծել է վերլուծաբանը:

Կիրակոսյանի խոսքով՝ վարչապետ Դավութօղլուն 3 առաջնահերթություն կունենա. «1. շարունակել նախագահ Էրդողանի հարձակումը թուրքական կառավարության ներսում այպես կոչված զուգահեռ պետության՝ Գյուլենի շարժման վրա: Երկրորդ, քրդական նախաձեռնություն. Եթե Էրդողանի գաղտնի բանակցությունները Քրդական աշխատանքային կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանի հետ գաղտնազերծվեն, դա Արեւմտյան Հայաստանում կամ քրդական արեւելքում վերջինիս մեծ աջակցություն կլինի, 3. Թուրքական աշխատակազմի ներսում կարգուկանոնը», - նշեց վերլուծաբանը: