Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները միջնորդներից կարիք չունեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Թուրքիայի նոր կառավարության քաղաքականությունը. Ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը:

Նա հիշեցրել է, որ, այսպես կոչված «պատահականորեն» 2009-ին հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի միջնորդներ դարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները:

Այդ միջնորդությունն, ըստ Շահնազարյանի, չբերեց շոշափելի արդյունքների: Այդ տեսանկյունից, նա ընդգծել է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայության կարեւորությունը:

«Թուրքիան փորձում է ընդհանուր հայտարարի գալ Հայաստանի եւ հայկական սփյուռքի հետ պատմության հարցում: Չեմ կարծում, որ Հայաստանը պետք է խաղա այդ դաշտում: Հայաստանի իշխանությունները պետք է ցույց տան, որ պատմության հարցում համաձայնությունն անհնար է»,-ընդգծել է Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով, որ Թուրքիան կշարունակի Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը: «Այլ հարց է, թե որքան արդյունավետ է դա նրա մոտ ստացվում»,-ամփոփել է նա: