ԵԿՄ նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «հայրենասիրության բարձր մակարդակի եռակողմ հուշագիր» է համարում

ԿԳՆ-ի, ՊՆ-ի եւ ԵԿՄ-ի միջեւ կնքված եռակողմ հուշագիրը, որով դպրոցներում «հայրենասիրական ակումբներ» են բացվելու:

Այս առնթիվ նա շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է.

«Ողջունում եւ շնորհավորում եմ համայն հայ ժողովրդին հայրենասիրության բարձր մակարդակի եռակողմ հուշագրի ստորագրման կապակցությամբ: Ես առանց վարանելու նման որակում եմ տալիս փոխըմբռնման հուշագրին, որ ստորագրվեց պաշտպանության նախարարության, կրթության եւ գիտության նախարարության եւ Երկրապահ կամավորականների միության միջեւ:

Այս հուշագրով նոր որակ է հաղորդվում պատանի սերնդի հետ տարվող աշխատանքներին, նոր՝ պետական մակարդակի են հասցվում արդեն շուրջ երկու տասնամյակ ԵԿՄ համակարգում գործող եւ կայացած ‹‹Պատանի երկրապահ›› եւ ‹‹Երիտասարդ երկրապահ›› կառույցները:

Հուշագրի ստորագրման կապակցությամբ շնորհավորում եմ քաջ Արցախին՝ հավաստիացնելով, որ հայ ժողովուրդը, մեր նոր սերունդը ձեզ երբեք-երբեք մենակ չեն թողնի: Մենք, ձեզ հետ միասին, տեր ենք մեր Արցախի անկախությանը:

Շնորհավորում եմ մեր զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին: Սիրելի՛ ծնողներ, ձեր զավակների, ձեր ամուսինների հայրենասիրական, հայրենանվեր գործն այսօր շարունակում են երիտասարդ եւ պատանի երկրապահները՝ նպաստելով պետության ամրացմանն ու հզորացմանը: Գիտելիքը, հայրենասիրությունն ու ռազմարվեստը դառնում են մեր ժողովրդի համար առաջնային:

Հուշագրի ստորագրման կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ պաշտպանության նախարարին, մեր բանակին, սահմանին կանգնած զինվորին, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին: Շնորհավորում եմ կրթության եւ գիտության նախարարին եւ կրթության ոլորտի բոլոր աշխատողներին՝ ուսուցիչներին, դասախոսներին:

Շնորհավորում եմ նաեւ նրանց, ովքեր մեզ դեռ չեն հասկանում՝ հետո են հասկանալու եւ այսօր չափից ավելի են քննադատում մեզ: Վստահ եմ՝ կգա օրն ու դուք էլ կհասկանաք, թե մենք ինչ էինք ուզում, ինչ էինք անում, եւ ձեր զավակներն էլ կսկսեն պաշտպանել մեր դավանած արժեքները:

Այսպիսով՝ շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայ ժողովրդին: Վստահեք ինքներդ ձեզ, տեր եղեք անկախությանը: Հիշեք՝ վերեւում Աստված է, ներքեւում՝ մեր ծնողները, թոռներն ու երեխաները, իսկ առջեւում՝ մեր պետությունը, անկախությունը, ապագան»:

Նշենք, որ դպրոցներում «հայրենասիրական ակումբներ» բացելու գաղափարը միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից: Շատերն այն համարում են ձեւական եւ ցուցադրական ակցիա, նշելով, որ արցախյան հերոսամարտի ժամանակ նման ակումբներ չկային, բայց դա չխանգարեց հայ ժողովրդին հաղթանակ տոնել իրեն պարտադրված պատերազմում: