Ադրբեջանական գերությունից վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը հնարավոր է մինչեւ շաբաթվա վերջ դուրս գրվի հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բաբայանը:

Նրա խոսքով՝ Արսենի վիճակը շատ լավ է, այլեւս ոչ մի գանգատ չունի եւ մի քանի օրից արդեն դուրս կգրվի:

Նշենք, որ Արսեն Խոջոյանը հիվանդանոց է տեղափոխվել օգոստոսի 30-ին, նրա մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը հայրենադարձվել էր։ Արսենը վերադառնալուց հետո բողոքում է առողջական խնդիրներից, իրեն թույլ է զգում եւ ֆիզիկապես, եւ հոգեպես: