Նախորդ տարվա հունվարի 2-ին Արաբկիր ԲԿ-ում մահացած 2.5 տարեկան Լիա Միսակյանի գործով դատական նիստն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց փորձագետների բացակայության պատճառով:
Գործով փորձագետներ Սեյրան Հովհաննիսյանը եւ Վարդան Դաբաղյանը գրություն էին ուղարկել դատարան՝ նշելով, որ վիրահատություն, հիվանդների անհետաձգելի հետազոտություն ունեն անցկացնելու եւ չեն կարող ներկա գտնվել նիստին:
Մեղադրող Դավիթ Կարապետյանը դատարանին միջնորդեց շարունակել դատական նիստը եւ հրապարակել նախաքննական մարմին փորձագետների տված ցուցմունքները:
«Փորձաքննության ազգային բյուրոյի կողմից տրված եզրակացությունը բավականաչափ հետազոտվել է, հետազոտությանը մասնակցել են փորձաքննությանը մասնակից մի շարք փորձագետներ, որոնք դատական նիստերի ժամանակ հարցաքննվել են: Փորձաքննության ազգային բյուրոյի կողմից տրված եզրակացությունը բավականաչափ պարզ է եւ այլեւս անհրաժեշտության չկա փորձագետին հարցաքննելու: Նաեւ, չնայած քրեական դատավարության օրենսգրքով նման ընթացակարգ չկա, գտնում եմ, որ կարելի է հրապարակել նաեւ այդ փորձագետների տված ցուցմունքները, քանի որ դրանք անմիջականորեն կապ ունեն եզրակացության հետ»,-ասաց մեղադրողը:
Մեղադրողի միջնորդությանը միացավ նաեւ տուժողի իրավահաջորդը՝ Լիա Միսակյանի հայրը:
«Ես գտնում եմ, որ իրենք խաբելու են ինչ էլ ասեն: Ես իրենցից ուրիշ բան չունեմ հարցնելու: Գալիս են համ նալին են խփում համ մեխին»,-ասաց Գեորգի Միսակյանը:
Մեղադրողի միջնորդությանն առարկեց պաշտպանական կողմը: Ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ անհրաժեշտ է դատարանում հարցաքննել փորձագետներին, քանի որ պաշտպանական կողմը նրանց ուղղված բազմաթիվ հարցեր ունի: « Պետք է հարցաքննել հատկապես փորձագետ Դաբաղյանին, որը մասնագիտությամբ հյուսվածքաբան է: Ես հյուսավածքաբանին տալու բազամթիվ հարցեր ունեմ տալու, որը չեմ կարող տալ այլ փորձագետի»,-ասաց պաշտպանը:
Դատարանը որոշեց հետաձգել մեղադրողի միջնորդության քննարկումը, միեւնույն ժամանակ հետաձգեց դատական նիստը՝ այն նշանակելով սեպտեմբերի 25-ին:
Հիշեցնենք, որ 2.5-ամյա Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 2012թ. դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել էր, 2013թ. հունվարի 2-ին աղջնակը մահացել էր:
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ Լիլիթին եւ Զարինեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:





























