Ջերմուկ քաղաքում սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Արդշինինվեստբանկի «Ջերմուկ» մասնաճյուղի վերաբացման արարողությունը:

Այն տեղակայված է Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, Գործարանային 1/2 հասցեում:

Մասնաճյուղի վերաբացմանը ներկա էին Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Բանկի հաճախորդներ եւ ղեկավարներ:

Մհեր Գրիգորյանի խոսքով, նորացված «Ջերմուկ» մասնաճյուղի վերաբացումը վաճառքների ցանցի արդիականացմանը եւ ընդլայնմանն ուղղված համալիր միջոցառումների փուլերից մեկն է:

«Հատուկ ուշադրություն դարձնելով գործունեությանը մարզերում` Բանկի ղեկավարությունը մայրաքաղաքային մասնաճյուղերին զուգահեռ հավասարաչափ զարգացնում է նաեւ մարզային մասնաճյուղերը: Վերջին երկու տարիների ընթացքում վերանորոգվել եւ հաճախորդների սպասարկման ժամանակակից չափանիշներին են համապատասխանեցվել ինչպես Երեւան քաղաքի, այնպես էլ Հայաստանի մարզերի բազմաթիվ մասնաճյուղեր: Մեզ համար ամենակարեւորը բարձր չափանիշներին համապատասխանող ծառայությունների մատուցումն ապահովելն է:». - նշեց Մհեր Գրիգորյանը:

Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի եւ սպասարկման գոտիների արդիականացման եւ լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաեւ մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Արդշինինվեստբանկի ֆիրմային ոճին:

Հիմնական ցուցանիշներով Արդշինինվեստբանկը ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցը իր 55 մասնաճյուղերով խոշորագույներից է հանրապետությունում: