ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ կազմակերպել էստոնական անվտանգության ոստիկանության աշխատակցի անվտանգ վերադարձը:
«Մենք հետեւում ենք այդ թեմային ու դրա զարգացմանը: Կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ կազմակերպել այդ աշխատակցի անվտանգ վերադարձը Էստոնիա», - ասել է պետքարտուղարության մամուլի քարտուղար Մարի Հարֆը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Սեպտեմբերի 6-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից ռուս-էստոնական սահմանին ձերբակալվել էր Էստոնիայի անվտանգության ոստիկանության աշխատակից Էստոն Կոհվերը: Ռուսական կողմի տեղեկություններով՝ Կոհվերը ձերբակալվել է Պսկովսկի մարզի տարածքում: Ռուսական գերատեսչությունը հաղորդել է «իրավախախտից» «Տաուրուս» տեսակի ատրճանակի, 5 հազար եվրո գումարի եւ գաղտնի ձայնագրության համար նախատեսցած հատուկ տեխնիկայի բռնագրավման մասին:
Միեւնույն ժամանակ, Էստոնիայի անվտանգության ոստիկանությունը հավաստիացնում է, որ գերատեսչության աշխատակիցը առեւանգվել է Էստոնիայի տարածքում՝ Լուխամաա անցակետից ոչ հեռու:





























