Հայաստանում պետք է գերիշխի օրենքի տառը՝ անկախ նրանից՝ ով է խախտել օրենքը: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով խորհրդարանի շենքի առջեւ կատարված միջադեպը, երբ խորհրդարանի անվտանգության ծառայության պետ Կարեն Նահապետյանը խոչընդոտել էր «А1+»-ի թղթակցի աշխատանքը:

«Անընդունելի է, որ Հայաստանում անտեսվի խոսքի ազատությունը, լրագրողի աշխատանքի համար խոչընդոտներ ստեղծվեն»,- հայտարարել է Շարմազանովը՝ նշելով, որ տեղյակ է միջադեպի մասին:

Նշենք, ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Թեւան Պողոսյանը խորհրդարանի խոսնակից պահանջել էին ծառայողական քննություն սկսել Կարեն Նահապետյանի նկատմամբ: Խորհրդարանի անվտանգության ծառայության պետը լրագրողի աշխատանքը խոչընդոտել էր երեկ՝ ԱԺ-ի մոտ իրականացված «Բարեւ, Ռոբ» ակցիայի ժամանակ: