Վանաձորում անցած տարվա հոկտեմբերին մահացած 15-ամյա հանդբոլիստի գործով ձերբակալված՝ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ բժիշկ Վլադիմիր Ղուկասյանի գործընկերները բաց նամակով դիմել են  գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանին՝ պահանջելով վերանայել մեղադրյալի հանդեպ կիրառված ներկա խափանման միջոցը,  ազատ արձակել բժիշկ Ղուկասյանին՝ նրան հնարավորություն տալով վերադառնալ աշխատավայր եւ շարունակել բնականոն աշխատանքները:

Նամակում մասնավորապես ասվում է. «Մեր խորին համոզմամբ, քրեական դատավարության այսպիսի ընթացքը առնվազն կասկածելի է դարձնում դատարանի որոշման արժանահավատությունը, չի բխում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներից ու հակասում է դրանց եւ ընդհանրապես հաշվի չի առնում մարդու անմեղության կանխավարկածը, նաեւ նսեմացնում է վաստակաշատ բժշկի բարի համբավն ու հեղինակությունը՝ հետեւյալ պատճառներով.

1/ Դատարանի որոշման տեքստում կալանավորման օգտին բերված փաստարկները ընդհանրական են, չեն պարունակում Վ. Ղուկասյանի մեղսակցությունը մասնագիտական տեսանկյունից արժանահավատ դարձնող հիմքեր: Ընդամենը հղում է արվում բժշկական երկրորդ փորձագիտական եզրակացությանը (նշենք, որ առաջին եզրակացությունը հիմնավորել է բժշկի՝ ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու եւ ուժերի ներածին չափով գործելու հանգամանքը), սակայն եւ ուստի ձեւակերպված չեն Վ. Ղուկասյանի անբարեխղճության եւ անզգուշության դրսեւորումները: Ի հակադարձումն՝ հիվանդանոցի ողջ աշխատակիցները, ովքեր ներկա են եղել եւ մասնակցել են Դավիթ Հովակիմյանի հոսպիտալացման ընթացքին աներկբա վկայում են, որ բժշկական կենտրոնի սարքավորումային եւ անձնակազմային հագեցվածության տվյալ պայմաններում բժիշկ Ղուկասյանը գործել է գրագետ եւ գործադրել է առավելագույն ջանքեր՝ պատանուն փրկելու համար:

2/ Բժիշկ Վ. Ղուկասյանը, նրա ընտանիքն ու հարազատները խորապես ցավում են կատարված ողբերգության համար, ցավակցում են մահացած պատանու ծնողներին եւ հարազատներին, ամբողջապես ըմբռնում են նրանց հուզմունքի դրսեւորումները հարուցված քրեական գործի առնչությամբ, սակայն բժշկին տուժող կողմի հուզական դրսեւորումների հնարավորության նկատառումներով կալանավորելը համարում են անարդար: «Հուզական այնպիսի դրսեւորումներ, որոնք կարող են հանգեցնել հասարակական կարգի այլ խախտումներ» ձեւակերպումը ոչ իրավական կատեգորիա է, ավելին՝ մինչ օրս տուժողի կողմից նման հուզական հրապարակային դրսեւորումներ չեն արձանագրվել:

3/ 2012թ-ին,  նմանատիպ միջադեպից հետո՝ մայիսի 28-ին ձերբակալվեցին «Վանաձորի բժշկական կենտրոնի»  երկու բժիշկ, ովքեր գործի քննության արդյունքում արդարացվեցին եւ  հետագայում իրենց կամքով ազատվեցին աշխատանքից, արդյունքում կենտրոնը կորցրեց երկու նեղ մասնագետ, որոնցից մեկը մարզի միակ կրծքային վիրաբույժն էր:

4/ Բժիշկ Ղուկասյանին կալանավորելու որոշումը արդարացված չէ նաեւ բարոյական նկատառումներով: Մարզի գլխավոր վիրաբույժ հանդիսացող, Վանաձորում, Լոռու մարզում եւ ողջ հանրապետությունում փորձառու, բարեխիղճ եւ գրագետ մասնագետի համբավ ունեցող, հասարակության մեջ հարգանք վայելող, բարեկիրթ ընտանիքի տեր, արցախյան ազատամարտի ժամանակ բազմաբնույթ մասնագիտական ու նյութական աջակցություն ցուցաբերած բժիշկը, ով, ի դեպ, քննչական մարմին ներկայացել է անձամբ եւ ոչ թե բերման ենթարկվել եւ ձերբակալման ժամանակ եւ մինչ այդ նույնիսկ չի ունեցել փաստաբան, չէր կարող իրեն թույլ տալ փախուստի կամ թաքնվելու միջոցով խուսափել դատավարությունից: Վլադիմիր Ղուկասյանին երկամսյա ժամկետով կալանավորումը կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն նրա հոգեկան, այլ նաեւ ֆիզիկական առողջության վրա. նրա մոտ առկա է շաքարային դիաբետ եւ բողոքներ ունի սրտի շրջանում»:

Նշենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. օգոստոսի 29-ի դատական նիստում որոշում է կայացրել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանավորումը:  Վ. Ղուկասյանը մեղադրվում է 2013թ. հոկտեմբերի 12-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած դանակահարության արդյունքում հիշյալ հիվանդանոցում անչափահաս Դավիթ Հակոբի Հովակիմյանի մահվան հարցում մեղքի բաժին ունենալու մեջ՝ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու եւ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու նկատառումով: