Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով մեկնարկեց Արտակարգ իրավիճակների նախարարության 49 հոգուց բաղկացած հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի վարժանքը:

«Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում» թեմայով վարժանքն անցկացվում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման գործընթացի շրջանակներում` Լուսակերտի ուսումնական բազայում:

Ուսումնավարժանքի ղեկավար է նշանակվել ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Վարժանքի ամբողջ ընթացքին հետեւում են Լեհաստանի ՆԳՆ պետական հրդեհային ծառայության փորձագետները։

Գործողությունները սկսվել են Արտակարգ իրավիճակների նախարարության շենքում, այնուհետեւ շարունակվել նախարարության միասնական տեխնիկական բազայի տարածքում, իսկ գործնական աշխատանքները` «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում եւ Արզնու ձորում։

Ըստ սցենարի` հարեւան Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, կան ավերածություններ, հազարավոր զոհեր ու վիրավորներ: Տուժած երկիրն օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը: Հայաստանն արձագանքել է, եւ մեր փրկարարները շտապում են օգնության:

Ուսումնավարժանքը տեւելու է 36 ժամ եւ ավարտվելու է սեպտեմբերի 10-ին: Հիմնական նպատակներն են` ստուգել ԱԻՆ փրկարարական թիմի հմտություններն ու գիտելիքները, բնական աղետի հետեւանքով տեղի ունեցած ավերածությունների դեպքում մեր թիմի արձագանքման կարողությունները, ինչպես նաեւ նյութատեխնիկական ու բժշկական ապահովվածությունը:

ԱԻՆ քաղաքային որոնողափրկարարական թիմերը հայտ են ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբին` արտաքին որակավորում անցնելու համար, ինչը մեր փրկարարական թիմին թույլ կտա մասնակցել միջազգային փրկարարական աշխատանքներին:

Որակավորման գործընթացը տեղի կունենա 2015 թվականի սեպտեմբերին: