Հայկական օրենսդրության բարեփոխմա ծրագիրը՝ «հայկական օրենսդրական գիլյոտինը». փողեր են, որոնք ոչ մի բանի չեն ծառայի: Այս մասին սեպտեմբերի 10-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱԿխմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ըստ նրա՝ կառավարությունը մտածում է բացառապես այսօրվա մասին: «Գլխավոր միտքն է՝ թեկուզ մի տեղից եւս մի կոպեկ ձեռք բերել եւ յուրացնել այն», - հավելել է պատգամավորը:
Նա նշել է, որ ծրագիրն իրականացվում է եվրոպական կառույցների վարկերով՝ 1,3 միլիոն եվրոյի չափով: Դրանցից 350 հազար եվրոն անմիջապես Եվրոպա կվերադառնան՝ խորհրդատուների համար: Իսկ 500 հազարը կուղղեն աշխատակազմ պահելուն: «Այդ դեպքում ո՞րն է այդ ծրագրի իմաստը, ո՞րն է նրա նշանակությունը, եթե փողերի մեծ մասն անմիջականորեն նպատակին չի ծառայելու: Եվ այդպես տեղի է ունենում միշտ», - հավելել է Մանուկյանը:
Նա նշել է, որ եթե 2008 թ. ՀՀ կառավարության արտաքին պարտքը կազմում էր 1,5 միլիարդ դոլար, ապա 5 տարվա ընթացքում այն աճել է մինչեւ 4,5 միլիարդ դոլարի: «Վարկային այս անպատասխանատու քաղաքականության արդյունքները կերեւան տարիներ անց: Եվ դրանք վերադարձնելու հարցով արդեն պետք է զբաղվի հաջորդ կառավարությունը», - հավելել է Մանուկյանը: Արդեն հիմա Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման գումարները հասել են տարեկան մինչեւ 300-400 միլիոն դոլար, հավելել է պատգամավորը:




























