«Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատակիցներին մինչեւ սեպտեմբերի 15-ը կվճարեն մեկ ամսվա աշխատավարձ, այս մասին սեպտեմբերի 10-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: Ըստ նրա՝ ինքը հավելելու բան դեռ չունի: «Ամսի 15-ից հետո՝ ահա թե ինչ կասեմ», - նշել է նա:
Նախարարը հերքել է այն լուրերը, թե «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Հովիկ Հախինյանի պաշտոնանկությունը կապված է ամիսներով աշխատավարձ չվճարելու հետ: Հախինյանն աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 8-ին՝ «Նաիրիտի» խորհրդի նիստում, նրա փոխարեն կարող է նշանակվել իր տեղակալ Ռուբեն Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձը մարվում է պետական էներգետիկ ընկերությունների՝ Երեւան ՋԷԿ-ի եւ Որոտանի ՀԷԿ-ի եկամտի հաշվին:
Օգոստոսի 8-ին էներգետիկայի նախարարն ասել էր, որ պետությունը 21 միլիարդ դրամ կհատկացնի Հայաստանի երկու խոշոր քիմգործարանների՝ «Նաիրիտի» եւ «Վանաձոր-Քիմպրոմի» պարտքերը մարելու համար:




























