Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը տեղյակ չէ, որ իրեն կանչելու են դատարան՝ ցուցմունք տալու: NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր նրան՝ իմանալու, թե ինչ է պատրաստվում անել:

«Ես տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում: Եթե այլ թեմաներից ունեք հարցեր, կարող եք տալ»,- ասաց նա՝  հավելելով, որ մեր հարցի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չունի տալու:

Նշենք, որ yerkir.am-ը գրել էր, որ իտալահայ բիզնեսմեն եւ կառավարության իրավաբանական վարչության պետ ներկայանալով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու համար մեղադրվող 35-ամյա Արթուր Սարգսյանի գործով դատավորը բավարարել է տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Լիաննա Գրիգորյանի միջնորդությունը` նախկին ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին դատակոչելու միջնորդությունը:  Դավիթ Սարգսյանին դատարան կանչելու եւ հարցաքննելու դեմ առարկեց միայն մեղադրող դատախազը: Նա իր առարկությունը հիմնավորեց նրանով, որ նախաքննական մարմինը նրան հարցաքննելու ընթացքում եկել է այն եզրահանգմանը, որ մեղադրանքի հետ նա առնչություն չունի: