Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ նկարչուհի, դերասանուհի, վիզաժիստ Մակա Չիչուան օրինականացրել են իրենց հարաբերությունները՝ ստորագրելով Դուշեթիայի Պսակադրությունների տանը, փոխանցում է «Նովոստի-Գռուզիան»:

«Մենք ամուսնացել ենք Դուշեթիայում», - Չիչուայի խոսքերն է մեջբերում գործակալությունը: Նա այդ մասին հայտնել է սեպտեմբերի 10-ին՝ ամուսնությունից հետո:

Ավելի վաղ վրացական մամուլում եւ սոցցանցերում աշխույժ քննարկվել էր  նախագահի ընկերուհու հավանական հղիության թեման:  Եթե այդ տեղեկությունը ճիշտ է, Մարգվելաշվիլին կհայրանա երկրորդ անգամ. նա արդեն  չափահաս դուստր ունի՝ Աննան: 

Նախագահի մամուլի ծառայությունում զերծ են մնում նախագահի ամուսնության եւ  ընտանիքի համալրման  վերաբերյալ տեղեկության մեկնաբանությունից:

Լրատվամիջոցները հայտնում են, որ Չիչուան վիզաժիստ է աշխատել ՊԻԿ հեռուստաընկերությունում: Նա բեմում հանդես գալու փորձ ունի. մի քանի տարի առաջ «Մեստրո» հեռուստաընկերության եթերում ցուցադրել էին  Մակա Չիչուայի «Էլեկտրաալքիներ» հոլովակը: Նա նկարահանվել է նաեւ Keep Smiling գեղարվեստական ֆիլմում: Դրանից հետո ցանցում տարածվել էին ապագա առաջին տիկնոջ լուսանկարները, որոնցում նա լողազգեստով է: