Հայաստանի կառավարությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգայի համալիրի համար արդյունավետ մասնավոր կառավարիչ է փնտրում: Այդ մասին ասյօր՝ սեպտեմբերի 10-ին, խորհրդարանում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նախարարը նկատեց, որ ոչ պաշտպանության նախարարությունը, ոչ այլ պետկառույց, չի կարող արդյունավետորեն կառավարել համալիրը: «Մենք խորապես համոզված ենք, որ այտեղ պետք է գործի մասնավոր բիզնեսը», - հայտարարեց Հարությունյանը:
Այսպես, 90-ական թթ. համալիրը անբարենպաստ վիճակում էր եւ նախկին փայլը մասնակիորեն վերականգնվեց հենց մասնավոր կառավարման շնորհիվ:
«Մենք շարունակում ենք փնտրել արդյունավետ կառավարիչ կամ վարձակալ կամ էլ գնորդ», - հավելեց նախարարը: Սակայն պետությանը հասանելիք եկամուտները կուղղվեն երկրի պաշտպանունակության բարձրացմանը:
Հիշեցնենք, ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը արդեն 7-րդ անգամ էր ՄՀՀ-ն աճուրդի հանում եւ գնորդ չլինելու պատճառով սակագինն իջեցնում 10%-ով: ՄՀՀ-ի ներկայացուցիչները պնդում էին, որ իրենց հնարավորություն չտվեցին պարտքը մարելու, իսկ աճուրդների իրական նպատակը գինը պետք եղած գնորդի համար բավականաչափ իջեցնելն էր:




























