Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ հեռախոսազրույցում վերջինիս կոչ է արել մեծացնել ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության կազմը, գրված է  նախագահի պաշտոնական կայքում:

Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Բան Կի-Մունին աջակցության համար եւ ընդգծել խաղաղ կարգավորման արձանագրության դրույթների իրագործման կարեւորությունը:

Նա հավելել է, որ հարկավոր է քաղաքական գործընթաց սկսել եւ ազատել պատանդներին՝ ներառյալ այն անձանց, որոնք ապօրինաբար պահվում են Ռուսաստանում՝ Նադեժդա Սավչենկոյին եւ Օլեգ Սենցովին:

Հիշեցնենք, սեպտեմբերի  7 –ին ԵԱՀԿ-ն արձանագրություն էր հրապարակել, որը Մինսկում ստորագրել էին Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման եռակողմ  կոնտակտային խմբի ներկայացուցիչները: Փաստաթուղթը կազմված է 12 կետից, որոնցից մեկն է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերին հատուկ կարգավիճակ շնորհելը: