Սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանը հրաժարվում է «Օֆշորի գործով» կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանի հետ առերեսումից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը:
Նա պահանջում է առերեսում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի հետ:
«Աշոտ Սուքիասյանը ո՞վ է, որ ես գնամ նրա հետ հանդիպեմ, ես նրան չեն ճանաչել, ում ճանաչել եմ, թող նրանց բերեն, ոչ թե տանեն ամեն ինչ Աշոտով փաթաթեն, վերջացնեն, նա ամենավերջին մարդն է, ոմ հետ կարելի է հանդիպել: Չեմ գնալու առերեսման, քննիչներին ասել եմ, գնամ ի՞նչ անեմ, նա գործիք է, լապատկա, խաբեբա, թող նախկին վարչապետին, մինիստրին, Կճոյանին կանչեն քննեն, հետո նոր իրեն: Ներսես Երիցյանը ինքն է ներկայացրել Աշոտին, երաշխավորել նրա համար, ինքն է այս ամենի ետեւոմ կանգնած, ես Աշոտին չեմ ճանաչել»,- ասաց նա:
Փայլակ Հայրապետյանը նշեց, որ մինչեւ իր նշած անձնաց չքննեն, գործը տեղից չի շարժվի:
Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը կալանավորվել է հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո: Նա գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, հարազատներին արգելված է տեսակցել գործարարին: Առ այսօր գործարարը ցուցմունք է տալիս:
Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում:





























