Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արձագանքել է ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեի՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից երկրում իրավիճակի ապակայունացման հնարավոր փորձ ձեռնարկելու մասին հայտարարությանը:

«Միխայիլ Սահակաշվիլին, ընդհանուր առմամբ, հայտնի է՝ որպես ապակառուցող եւ խառնշփոթություն հրահրող: Ես կցանկանայի անկարգություններ կազմակերպել բոլոր ցանկացողներին ասել, որ նրանց համար ամեն ինչ վատ է ավարտվելու: Պետությունը, իր պատշաճ բարձրության վրա գտնվելով, անողոք կլինի բոլոր նրանց հանդեպ, ովքեր ինչ-որ ապակառուցողական գործողություններ կիրականացնեն: Մեր երկրում կայուն ժամանակաշրջան է եւ մենք չենք կարող ժամանակ վատնել նման մարդկանց վրա: Դրանով կզբաղվի ներքին գործերի նախարարությունը, եւ իմ տեղեկություններով՝ քննությունն արդեն սկսվել է», - հայտարարել է Ղարբաշվիլին,հ հաղորդում է «Վրաստան Online»-ը:

Հիշեցնենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաձեն նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրում է  «իշխանությունը զավթելու նպատակով հակապետական դավադրության մեջ»: Ինչպես նշել է նախարարը, Սահակաշվիլին հանդիպել է «Միասնական ագզային շարժում» կուսակցության ակտիվիստների հետ  եւ վերջիններիս հանձնարարել «երկրում քաոսի եւ անիշխանության մթնոլորտ ստեղծել»: