Հայաստանում 2013թ. ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված 1222 հանցագործություն եւ 362 իրավախախտում է գրանցվել: Այդ մասին այսօր՝ սեպտմեբրի 11-ին, թմրանյութերի ապօրինի շրջանառության թեմայով տարածաշրջանային համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ թմրանյութերի տարածման դեմ պայքարի ոլորտում Հայաստանը հաջողությամբ համագործակցում է միջազգային կառույցների հետ: «Դեռ 90-ական թթ.-ի սկզբում Հայաստանը միացավ ՄԱԿ-ի երեք կոնվենցիաներին», - հիշեցրեց Վիգեն Սարգսյանը՝ միաժամանակ ընդգծելով թմրանյութերի տարածման դեմ պայքարը նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը: Ըստ նախագահի աշխատակազմի ղեկավարի՝ դրական փաստ է, որ Հայաստանը թմրանյութերի փոխանցման տարանցիկ երկիր չէ: Սակայն նա հաղորդեց, որ վերջին 5 տարիների ընթացքում մեր երկրում աճում է թմրամոլների թիվը, թեեւ նրանց թիվը այդքան էլ շատ չէ:
«Այդ ոլորտում Հայաստանը համագործակցում է այլ երկրների համապատասխան կառույցների հետ: Մասնավորապես, 2013թ. հոկտեմբերին անցկացվել էր «Կանալ-Կովկաս» հակաթմրանյութային գործողությունը, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայված էր Հայաստանում»: Գործողությունը նպատակաուղղված էր Աֆղանստանից եւ Իրանից ՀԱՊԿ անդամ-երկրների տարածք թմրանյութերի ապօրինի ներթափանցման համատեղ կանխմանը»-, հիշեցրեց Վիգեն Սարգսյանը:





























