Այս տարվա ապրիլի 4-ին Գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված՝ Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի պաշտպանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու՝ ոստիկանության հայցով առաջին դատական նիստին Վարչական դատարանում հակընդդեմ հայց է ներկայացրել ոստիկանության դեմ:
«Հակըննդդեմ հայց ներկայացրինք՝ ոչ իրավաչափ ճանաչել այդ օրը ոստիկանության գործողությունները: Իրենք պատճառաբանում են, որ Արգիշտի Կիվիրյանը չի կատարել ոստիկանի օրինական պահանջը: Ոստիկանության աշխատակիցը բացատրություն է տվել, գրել, որ իրենք պահանջել են հեռանալ դատախազության շենքի մայթից, որպեսզի չփակվի վարչական շենքի մուտքը: Բայց ակցիան նպատակ չի ունեցել մուտքը փակելու: Բացի այդ՝ բազմաթիվ բողոքի ակցիաներ են կազմակերպվել հենց դատախազության շենքի դիմաց, ոչ մեկի չեն ձերբակալել կամ ասել՝ անցի դիմացի մայթ: Օրենքը չի կարող տարբերակում դնել. ի՞նչը փոխվեց, որ մի դեպքում թողնում են, մյուս դեպքում՝ ոչ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կիվիրյանի պաշտպան Արամազդ Կիվիրյանը:
Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ այսպիսով հերթական անգամ երեւում է, որ իր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում:
«Ես ոչ մի օրենք չեմ խախտել: Աբսուրդ է, որ մարդ կանգնած է, Դատախազության դիմացից վերցնում տանում են: Դա ոստիկանության հիվանդ երեւակայության եւ չիմացության արդյունքն է: Այդպես իրենք խոչընդոտում են ակցիա անցկացնելու՝ քաղաքացու իրավունքը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակիցա էին իրականացրել՝ պահանջով, որպեսզի դադարեցվի քրեական հետապնդումը Շանթ Հարությունյանի անչափահաս որդու նկատմամբ։ Քաղաքացիները կանգնել էին Դատախազության շենքի դիմացի մայթին, ոստիկանները պատ էին կազմել եւ թույլ չէին տվել անցնել մայթը: Այն բանից հետո, երբ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին եւ Արգիշտի Կիվիրյանը անցել էին մայթը, ոստիկանները նրանց բերման էին ենթարկել:
Կիվիրյանի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձագանագրություն է կազմվել 182-րդ հոդվածի հատկանիշներով (ոստիկանի օրինական պահանջը չկատարելը): Սա Կիվիրյանի դեմ ոստիկանության 5-րդ հայցն է:





























